ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լիզինգառուն հնարավորություն կունենա ձեռք բերված տրանսպորտային միջոցով հատել սահմանը լիզինգատուի համաձայնությամբ. Կառավարության որոշումը

Լիզինգառուն հնարավորություն կունենա ձեռք բերված տրանսպորտային միջոցով հատել սահմանը լիզինգատուի համաձայնությամբ. Կառավարության որոշումը

Կառավարությունը հավանություն տվեց ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերին:
 
Դրանցով հայեցողական կարգավորում է սահմանվում. լիզինգառուին հնարավորություն է տրվում լիզինգով ձեռք բերված տրանսպորտային միջոցով հատել պետական սահմանը լիզինգատուի համաձայնության դեպքում:
 
«Կարգավորումը, որ լիզինգառուն հատի ՀՀ սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ, նվազագույնի կհասցնի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա ինչ-որ սահմանափակում է լիզինգով ավտոմեքենա ձեռք բերող քաղաքացու համար, բայց սա հակառակ էֆեկտը կարող է ունենալ, որով լիզինգատուները կկարողանան իրենց հայեցողությամբ և նաև գնորդի համաձայնությամբ այնպիսի ավելի ապահով պամաններ ունենալ, որպեսզի կարղանան հարստացնել այս շուկան և ավելի շատ մարդկանց հնարավորություններ ընձեռել»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
 
«Մենք այստեղ ոչ թե վաճառողների շահերն ենք պաշտպանել, այլ իրականում, հակառակն է, որովհետև մենք ուզում ենք ձեռք բերողների հնարավորություններն ընդլայնել, որովհետև երբ մենք ստեղծում ենք երաշխիքներ, որ այդ մեքենան չի անհետանա, մենք ավելի լայնացնում ենք ձեռքբերման հնարավորությունները»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ օրենքը կունենա էֆեկտ, դաշտն ավելի կազատականացվի: Չի բացառվում որ գների վրա էլ որոշակի ազդեցություն կլինի, որովհետև պետությունը ռիսկի որոշակի չափաբաժինը վերցնում է իր վրա՝ թույլ տալով տնտեսվարողներին ավելի չլարված աշխատել:
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ կարգավորումը կազդի լիզինգային տոկոսադրույքների վրա:
 
«Ինչքան մենք զսպում ենք փոխատուի ռիսկերը, այդքան տոկոսադրույքը նվազում է: Մի օր կտեսնենք, որ լիզինգի տոկոսադրույքը նվազեց»,- նշեց նա: 

  • Կիսվել: