շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լիանա Ղալթաղչյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն

Լիանա Ղալթաղչյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) հայտնում է Լիանա Ղալթաղչյանի՝ COAF-ի գործադիր տնօրեն նշանակվելու մասին։  2023 թվականի հունվարի 9-ից Լ․Ղալթաղչյանը ղեկավարում է Հիմնադրամի գործառնական, իրավական և ֆինանսական ոլորտները։

Լ․Ղալթաղչյանի փորձառությունը և համապարփակ գիտելիքը տարբեր ռազմավարական ոլորտներում, ինչպես նաև միջազգային և պետական կառույցներում աշխատանքը կնպաստեն COAF-ի ընդլայնմանը և Հայաստանի ու Արցախի գյուղական համայնքների զարգացմանը:

«Լիանայի ավելի քան 15 տարվա հարուստ աշխատանքային փորձը, ղեկավարման հմտությունները կատարելապես համապատասխանում են այս կարևոր ղեկավար պաշտոնը զբաղեցնելու համար», - ասաց COAF-ի հիմնադիր և խորհրդի նախագահ դոկտոր Կարո Արմենը: «Երկրի համար այս կարևոր պահին նա արժեքավոր համալրում կլինի մեր ղեկավար թիմում»:

Լ․ Ղալթաղչյանը մեծ փորձ ունի առողջապահության, կրթության և սոցիալական հարցերի ոլորտները համակարգելու գործում՝ նախկինում զբաղեցնելով ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Հանրային գործունեության ոլորտում նրա  փորձը ներառում է նաև օրենսդրական աշխատանքը ՀՀ արդարադատության նախարարությունում: Պետական հանրային պաշտոններից բացի Ղալթաղչյանը նաև տարբեր պաշտոններ է զբաղեցրել մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում:

Լ․Ղալթաղչյանն ունի գործընկերությունների զարգացման և թիմային առաջնորդության լայն և հաջողված փորձ: Նրա ձեռքբերումները ներառում են լավ կառավարման խթանմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ, ինչպես նաև՝ հանրային թափանցիկությանն ու հաշվետվողականության բարձրացմանը միտված ծրագրեր։

Լիանա Ղալթաղչյանի կազմակերպչական պարտականությունների լայն շրջանակի առաջնահերթ ուղղություններից մեկը լինելու է COAF-ի հաջողված ՍՄԱՐԹ կենտրոնի մոդելի ընդլայնումը, որի միջոցով Հայաստանի գյուղական համայնքներում իրականացվում են համաշխարհային մակարդակի ոչ ֆորմալ կրթության և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր: COAF ՍՄԱՐԹ կենտրոնն իրականացնում է լավագույն արտադպրոցական կրթական ծրագրերը Հայաստանի գյուղական համայնքներում, այդ թվում՝ լեզուների, երեխայի զարգացման, տեխնոլոգիաների, արվեստի, սպորտի, առողջապահության, շրջակա միջավայրի և այլ ուղղություններով: Առաջին COAF ՍՄԱՐԹ կենտրոնը բացվել է 2018 թվականին Լոռու մարզում։ Առաջիկա հինգ տարում COAF-ը 50 մլն ԱՄՆ դոլարից ավելի ներդրումով կգործարկի ևս չորս նոր ՍՄԱՐԹ կենտրոններ Արմավիրի, Սյունիքի (Կապան և Գորիս) և Շիրակի մարզերում: COAF-ի տեսլականն է հզորացնել մեր գյուղաբնակ սերունդների կարողությունները՝ ՍՄԱՐԹ կենտրոններ հիմնելով Հայաստանի բոլոր մարզերում:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ COAF-ի նվիրյալ և տաղանդավոր թիմին, օժանդակել  կազմակերպությանը ընդլայնվելու և հասնելու զարգացման հաջորդ հանգրվանին՝ լավագույնս ծառայելով Հայաստանի գյուղական համայնքների կարիքներին», - նշում է Լ. Ղալթաղչյանը:

  • Կիսվել: