ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. նախարար

ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. նախարար

Մենք այս պահին արդեն իսկ շրջանառության մեջ ունենք մի նախագիծ, որը հնարավորություն է տալու մեր ԼՂ հայրենակիցներին օգտվելու բնակարանի վարձակալության և հյուրընկալության ծրագրից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Սա մենք նախատեսում ենք երեք մարզերում իրականացնել՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի: Այս ծրագիրն ունենալու է ևս մեկ բաղադրիչ. մենք տրամադրելու ենք մեր հայրենակիցներին նաև սննդի քարտեր, որ պարենային զամբյուղին համապատասխան գումարով կարողանան պարենի խնդիրները լուծել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմացը ձմեռ է, չենք բացառում, որ ապագայում կդիտարկենք որոշակի կոմունալ ծախսերի փոխհատուցման հնարավորությունը: Նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, որոնք չեն հաշվառվել և, օրինակ, տեղափոխվել են Կոտայքի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, նրանք նույնպես հնարավորություն են ունենալու ծրագրի գործարկման պարագայում մասնակցելու և շահառու դառնալու այս ծրագրի, այսինքն՝ վարձակալությամբ բնակարանի աջակցության ծրագրին կամ հյուրընկալության ծրագրին»,- ասաց Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ ծրագիրը լավ է նաև սոցիալականացման առումով:

«Մեր ՀՀ քաղաքացիները կարող են իրենց տանը հյուրընկալել ԼՂ մեր հայրենակիցներին և դրա դիմաց ստանալ աջակցություն: Ավելի մանրամասն այս ծրագրի մասին կխոսենք, կհանրայնացնենք»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: