երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լարսի անցակետում ՀՀ-ի համար դժվարությունները դեռևս ամբողջությամբ լուծված չեն․ հերթերն ազդում են մեր տնտեսության վրա. Վաղարշակ Հակոբյան

Լարսի անցակետում ՀՀ-ի համար դժվարությունները դեռևս ամբողջությամբ լուծված չեն․ հերթերն ազդում են մեր տնտեսության վրա. Վաղարշակ Հակոբյան

Բոլորդ տեղյակ եք, որ Լարսի անցակետում ՀՀ-ի համար դժվարությունները դեռևս ամբողջությամբ լուծված չեն և այս կապակցությամբ մենք տարիներ շարունակ ունեցել ենք խնդիրներ: Այս մասին ԱԺ-ում ասաց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծին և ընդգծելով, որ իսկապես չափազանց կարևոր համաձայնագիր ենք վավերացնում:

Նա նշեց, որ վերջին տարում առավելապես աշխարհաքաղաքական իրողությունների և այլ հանգամանքների հետ կապված՝ Լարսի անցակետում ՀՀ-ից գնացող և եկող բեռնատար մեքենաների համար, մասնավորապես, շատ լուրջ խնդիրներ է առաջանում:

«Այն մշտապես իր ազդեցությունն է ունենում ամենաբացասական իմաստով մեր տնտեսության վրա և այդ խնդրին առնչվում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք բեռնափոխադրման գործունեություն են իրականացնում»,- նշեց Վաղարշակ Հակոբյանը:

Նրա խոսքով, Եվրասիական տարածաշրջանային ժողովում այս համաձայնագիրը մանրամասն քննարկվել է և դրական եզրակացության է արժանացել ՀՀ-ի կողմից.

«Լիահույս ենք, որ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ում գործունեություն ծավալող բեռնափոխադրող ընկերությունների բեռն ավելի կմեղմվի: Բայց և այնպես, ուզում եմ նշել, որ մեր պառլամենտական գործունեության ընթացքում մենք բազմիցս անդրադառնում ենք և անդրադարձել ենք այս խնդրին և շատ կարևոր էր, որ մեր միջազգային գործընկերները Լարսի խնդրի հետ կապված ՀՀ-ի հետ ունեն հնարավորինս սինքրոն պատկերացումներ»,-շեշտեց ՔՊ պատգամավորը:

  • Կիսվել: