հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Կշարժվենք առաջ՝ զարգացնելով մեր փոխգործակցությունը». Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

«Կշարժվենք առաջ՝ զարգացնելով մեր փոխգործակցությունը». Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովին. Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ղջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է կապերի ընդլայնումն ու ընդգծել Երևանի պատրաստակամությունը փոխգործակցության հաստատման ու զարգացման ծրագրերում:   

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովն իր հերթին վստահություն է հայտնել, որ Երևան այցի շրջանակում կձևավորվի փոխշահավետ գործակցության լայն դաշտ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորության շուրջ:

Երևանի քաղաքապետն ու Եկատերինբուրգի քաղաքապետը ստորագրել են Եկատերինբուրգի վարչակազմի և  Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիր, որը հնարավորություն կտա գործակցել և զարգացնել երկկողմ կապերը տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության, երիտասարդական նախագծերի, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: 

«Քաղաքներն, իհարկե, ունեն իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները, բայց խնդիրները միանման են: Այսօր ստորագրեցինք մտադրությունների հուշագիր Երևանի և Եկատերինբուրգի միջև համագործակցություն հաստատելու վերաբերյալ, ինչը կնպաստի հետագա արդյունավետ գործակցությանը,  համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը տարբեր ոլորտներում»,- նշել է Երևանի քաղաքապետը:

«Սա երկու քաղաքների միջև ստորագրված առաջին փաստաթուղթն է, որը լայն հնարավորություն է՝ գործակցելու քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Պատրաստ ենք մեր փորձը փոխանակել երևանյան գործընկերների հետ՝ միաժամանակ որոշ ոլորտներում առկա նոր լուծումները տեղայնացնելով մեզ մոտ:   Հաշվի առնելով հատկապես տեղի ներդրումային հետաքրքրությունները՝ Երևանում ենք բավական մեծ և ընդլայնված պատվիրակությամբ:  Կշարժվենք առաջ՝ զարգացնելով մեր փոխգործակցությունը»,- ընդգծել է Եկատերինբուրգի քաղաքապետը:

  • Կիսվել: