երեքշաբթի, հունվար 31
31 / 1 / 2023
Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը

Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը

Կառավարության որոշմամբ կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը: 2020 թ. հուլիսի 1-ից, մասնավորապես, իրականացվում են հետևյալ նպատակային ծրագրերը՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն), կանխավճարի ապահովագրության ծրագիր (հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար) և երեխայի ծննդյան աջակցության ծրագիր (հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն)։ Որոշմամբ առաջարկվում է հստակեցնել ծրագրերի իրականացման ընթացակարգերը և դրույթները, ինչպես նաև դրանք համապատասխանեցնել հիփոթեքային վարկավորման ոլորտում գործող այլ իրավական կարգավորումներին։ Մասնավորապես՝ հստակեցվում և գործող կարգերին է համապատասխանեցվում կանխավճարի ապահովագրության ծրագրով տարեկան ապահովագրական վճարները վճարելու համար տրամադրվող դրամական աջակցության շրջանակում ապահովագրվող հիփոթեքային պարտավորության չափի հաշվարկման մեխանիզմը, դրամական աջակցության դադարեցման համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը: Համապատասխան փոփոխությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կտա ստուգել դիմելու օրվա դրությամբ 12 ամիս հիփոթեքային վարկի մարումներ ունենալու վերաբերյալ պայմանը այն դեպքերում, երբ շահառուի՝ հիփոթեքային վարկի 12-րդ մարումը նախատեսված է շահառուի դիմելու ամսին և այլն: Ըստ հիմնավորման՝ ծրագրերի շրջանակում հոկտեմբերի 25-ի դրությամբ աջակցություն է ստացել 4675 շահառու, որից՝ 839-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով, 1289-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 2547-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։ Ընդհանուր առմամբ վճարվել է 3,201,889,407 դրամ, որից՝ 694,905,592 դրամը միանվագ դրամական աջակցության ծրագրով, 74,185,339 դրամը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 2,432,798,481 դրամը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում. կհստակեցվեն ֆիզիկական անձի կողմից կառուցված անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում այն երկրորդային շուկայից ձեռք բերված համարելու, ինչպես նաև վարկի 2 կամ 4 տոկոս սուբսիդավորումից օգտվելու վերաբերյալ իրավական կարգավորումները: Ծրագրում նախատեսվող լրացումներով կսահմանվեն, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կկիրառվեն երկրորդային շուկայից ձեռք բերման 2 (Երևան) և 4 (ՀՀ մարզեր) տոկոս սուբսիդավորման պայմանները:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է մեղմել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները: Ծրագրի շրջանակում պոտենցիալ շահառուների թիվը կազմում է 4,045 ընտանիք։ Նոյեմբերի 23-ի դրությամբ արդեն 2745 ընտանիք ստացել է հավաստագիր և սկսել հիփոթեքային վարկավորման գործընթացը, որի արդյունքում պարզվել է, որ ծրագրի սահմանափակումներն առաջացնում են արհեստական խոչընդոտներ հիփոթեքային վարկի ձևակերպման գործընթացում։ Որոշման արդյունքում հնարավորություն կստեղծվի տեղահանված ընտանիքներին անշարժ գույք վաճառողների առավել լայն շրջանակներից ընտրել և ձեռք բերել անշարժ գույքը: Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է հավաստագրի փոփոխության նպատակով, անհրաժեշտության դեպքում, Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկատվության տրամադրման համար վերջնաժամկետը երկարաձգել մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի 20-ից և մինչև նոյեմբերի 15-ը հնարավոր չէ ապահովել բոլոր ընտանիքների հավաստագրերի ստացումը։

 

  • Կիսվել: