երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Կործանարար հեղեղումը, ինչպիսին եղավ Լոռիում եւ Տավուշում, պատահում է 300 տարին մեկ. ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն

Կործանարար հեղեղումը, ինչպիսին եղավ Լոռիում եւ Տավուշում, պատահում է 300 տարին մեկ. ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն

Լոռիում եւ Տավուշում մայիսի 26-ին տեղի ունեցած կործանարար հեղեղման նման հեղեղումներ պատահում են 300 տարին մեկ անգամ։ Այս մասին տեղեկացրել է ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հուլիսի 18-ի մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ վերականգնողական աշխատանքները շարունակվել են մինչեւ հունիսի 14-ը եւ հաջողությամբ իրականացվել ռուս գործընկերների ակտիվ օգնության շնորհիվ։

«Դեբեդ գետի մակարդակը բարձրացել էր 5 մետրով։ Երկաթուղին քանդվել էր 8 տեղամասերում։ Այդ ամենը խորանում էր նրանով, որ չկար վնասված տեղամասերին մոտենալու հնարավորություն ավտոճանապարհի փլուզման պատճառով։ Մոտ 2 կիլոմետր ճանապարհ քշվել էր»,- թվարկել է Ալեքսեյ Մելնիկովը։

Նա ընդգծել է, որ ՀԿԵՈւ-ն նման վերականգնողական աշխատանքների իրականացման փորձ չուներ, որովհետեւ ճանապարհի գոյության ողջ ընթացքում, դեռ ցարական ժամանակներից, 1896-ից, նման բան չէր եղել։ «Մենք արխիվներում տեղեկություն էինք փնտրում։ Նման բան պատահում է 300 տարին մեկ։ Մեզ անհրաժեշտ էր մասնագետների օգնություն։ Անգնահատելի աջակցություն ցուցաբերեցին «Ռուսական երկաթուղիների» մասնագետները։ Տառացիորեն մի քանի ժամ հետո ինձ զանգահարեց գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը եւ օգնություն, աջակցություն եւ օժանդակություն առաջարկեց։ Անմիջապես մեզ մոտ ուղարկվեցին մասնագետ-նախագծողներ։ Դրա շնորհիվ ամենակարճ ժամկետում հաջողվեց որոշել, թե ինչ պետք է անել։ Հետո եկան մասնագետներ, որոնք ունեին փորձ եւ գիտելիքներ, թե ինչ տեխնիկական որոշումներ պետք էր ընդունել, որպեսզի վերականգնվի երկաթուղին»,- տեղեկացրել է գլխավոր տնօրենը։ 40 մասնագետներից բաղկացած գործուղված խմբի կազմում կային անգամ բուլդոզերավարներ եւ պաստառապատողներ։ Հայկական կողմից վերականգնողական աշխատանքներն իրականացվում էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ փոխգործակցությամբ։ Մեծ օգնություն ցուցաբերեցին վրացի գործընկերները, որոնք շարժակազմ ուղարկեցին Այրում նյութեր տեղափոխելու համար, ինչի շնորհիվ հաջողվեց կազմակերպել աշխատանքները երկու ուղղությամբ։

«Արդեն հունիսի 14-ին ամբոջ տեղամասում երթեւեկությունը բաց էր։ Հունիսի 21-ին կատարեցինք վերջին միացումը։ Այժմ դեռ որոշ աշխատանքներ շարունակում ենք իրականացնել։ Դա կապված է  ափի ամրացման հետ։ Ժամանակացույցը վերականգնված է լրիվ ծավալով, չկան թողունակության սահմանափակումներ։ Կան արագությունների որոշ սահմանափակումներ, դա կապված է այն բանի հետ, որ պաստառը պետք է ամրանա։ Ընթանում ենք հանգիստ, վստահ»,- նշել է Մելնիկովը՝ ավելացնելով, որ շատ կարեւոր է, որպեսզի թույլ չտրվի նման դեպքերի կրկնությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաեւ ամրացնել այն տեղամասերը, որոնք չեն քանդվել, բայց ենթարկվել են ջրի մեծ հոսքի ազդեցությանը։ Այժմ ափի ամրացման առաջարկների ուղղությամբ աշխատում են ռուս մասնագետները։

Ալեքսեյ Մելնիկովը առանձին մեկնաբանել է վառելիքի մատակարարման հարցը։ «Հասկանալով, որ Հայաստանը չպետք է հայտնվի վառելիքի պակասի իրավիճակում, կազմակերպվեց Այրում կայարանից դիզվառելիքի, բենզինի, ավիացիոն վառելիքի փոխադրում հունիսի 5-ից։ Դրա շնորհիվ ոչ մի դժվարություն վառելիքի ապահովման հետ կապված չի առաջացել»,- տեղեկացրել է Մելնիկովը։

  • Կիսվել: