երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կոչ ենք անում, որ մեր գյուղացիական տնտեսություններն անցնեն կաթիլային ոռոգման. Փաշինյան

Կոչ ենք անում, որ մեր գյուղացիական տնտեսություններն անցնեն կաթիլային ոռոգման. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Գեղանիստ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում Կառավարության անելիքները:

Նրա խոսքով՝ իրենց ամենամեծ խնդիրը բնակչությանն աջակցելն է, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ թե չարչարանք լինի, այլ լինի կոնկրետ պլանավորված գործունեություն, որի արդյունքները կարելի է նախապես պլանավորել, ակնկալել, թե ինչ պետք է ստանալ:

Փաշինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մեր գյուղատնտեսության մեջ կա հետևյալ խնդիրը՝ այն տարի, երբ մենք բերք չենք ունենում, այդ տարի բարդ տարի է մեզ համար, որովհետև բերք չկա, եկամուտ չկա և այդպես շարունակ: Երբ մենք բերք ենք ունենում, էլի մոտավորապես նույնպիսի խնդիրն է, որովհետև բերքը շատ է, գները ընկնում են, բերքի ձեռքբերումից ստացվում է քիչ եկամուտ:

Ո՞րն է այս թնջուկի լուծումը: Այս խնդրի և թնջուկի լուծումը առաջին հերթին պլանավորված աշխատելն է, իսկ նման հնարավորություն տալիս է ինտենսիվ գյուղատնտեսությունը՛՛:

Նա նաև հավելեց, որ ինտենսիվ այգիները կարկուտից շատ չեն տուժում կամ տուժում են շատ քիչ, շատ ավելի պաշտպանված են երաշտից:

՛՛Իհարկե, հնարավոր չէ մեկ օրում գյուղատնտեսությունը վերածել ինտենսիվի, սակայն շատ կարևոր է պլանավորել, թե ի՛նչ ուղղությամբ ենք շարժվելու: Փորձում ենք այնպես անել, որ ներսում մթերման և ապրանքների պահանջարկը մեծանա: Օրինակ՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանում մենք կտրուկ նվազեցրել ենք կոնյակի սպիրտի ներմուծման ծավալները, ինչն արվել է հայկական կոնյակի բարձր որակն ապահովելու համար՛՛,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ մեկ մյուս ուղղությամբ կառավարությունը փորձում է զարգացնել ջերմոցային տնտեսությունները: Փաշինյանը նշեց, որ Արարատի մարզում ջերմոցային տնտեսությունները զարգացած են:

՛՛Մենք հիմա խնդիր ունենք այնպես անել, որ ջերմոցային տնտեսությունների համար մաքսիմալ լավ պայմաններ ստեղծվեն: Հիմա ջերմոցային տնտեսության ներդրման համար նաև ծրագրեր ենք իրականացնում գյուղատնտեսական և այդ ծրագրերը ներառում են արտոնյալ և ցածր տոկոսով վարկեր:

Մենք կոչ ենք անում, որ մեր գյուղացիական տնտեսություններն անցնեն կաթիլային ոռոգման: Մենք 2022 թվականից հետո հետևյալ ծրագիրը կներդնենք, որ կաթիլային ոռոգման անցած տնտեսությունները 5 տարի ջրի վարձ չվճարեն՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: