ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փորձում ենք այնպես անել, որ ներսում մթերման և ապրանքների պահանջարկը մեծանա. Փաշինյան

Փորձում ենք այնպես անել, որ ներսում մթերման և ապրանքների պահանջարկը մեծանա. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Գեղանիստ համայնքում՝ բնակիչների հետ հանդիպմանը, ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում Կառավարության անելիքները, նշեց՝ ամենամեծ խնդիրը բնակչությանն աջակցելն է, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ թե չարչարանք լինի, այլ լինի կոնկրետ պլանավորված գործունեություն, որի արդյունքները կարելի է նախապես պլանավորել, ակնկալել, թե ինչ պետք է ստանալ:

«Մեր գյուղատնտեսության մեջ կա հետևյալ պրոբլեմը՝ այն տարի, երբ մենք բերք չենք ունենում, այդ տարի բարդ տարի է մեզ համար, որովհետև բերք չկա, եկամուտ չկա և այդպես շարունակ: Երբ մենք բերք ենք ունենում, էլի մոտավորապես նույնպիսի պրոբլեմ է, որովհետև բերքը շատ է, գները ընկնում են, բերքի ձեռքբերումից ստացվում է քիչ եկամուտ: Ո՞րն է այս թնջուկի լուծումը: Այս խնդրի և թնջուկի լուծումը առաջին հերթին պլանավորված աշխատելն է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նման հնարավորություն է տալիս ինտենսիվ գյուղատնտեսությունը:

Փաշինյանի խոսքով՝ ինտենսիվ այգիները կարկուտից շատ չեն տուժում կամ տուժում են շատ քիչ, շատ ավելի պաշտպանված են երաշտից:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ, իհարկե, հնարավոր չէ մեկ օրում գյուղատնտեսությունը վերածել ինտենսիվի, սակայն շատ կարևոր է պլանավորել, թե ի՛նչ ուղղությամբ ենք շարժվելու:

«Փորձում ենք այնպես անել, որ ներսում մթերման և ապրանքների պահանջարկը մեծանա: Օրինակ՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանում մենք կտրուկ նվազեցրել ենք կոնյակի սպիրտի ներմուծման ծավալները, ինչն արվել է հայկական կոնյակի բարձր որակն ապահովելու համար»,- հավելեց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ներդրվել է նաև գյուղատնտեսության ապահովագրության ծրագիր, որը գործում է արդեն երկրորդ տարին:

Հաջորդ ուղղությունը, որ կառավարությունը փորձում է զարգացնել, ջերմոցային տնտեսություններն են:

«Մենք հիմա խնդիր ունենք այնպես անել, որ ջերմոցային տնտեսությունների համար մաքսիմալ լավ պայմաններ ստեղծվեն: Մենք կոչ ենք անում, որ մեր գյուղացիական տնտեսություններն անցնեն կաթիլային ոռոգման: Մենք 2022 թ.-ից հետո հետևյալ ծրագիրը կներդնենք, որ կաթիլային ոռոգման անցած տնտեսությունները 5 տարի ջրի վարձ չվճարեն»,- տեղեկացրեց Փաշինյանը:

  • Կիսվել: