ԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում: Նա ընդգծում է, որ ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ բոլոր երկրների համար կարևոր կլինի այդ համաձայնագրի շուտափույթ ստորագրումը՝ շեշտելով, որ ԵԽ-ն կարող է աջակցել այդ գործընթացին։
ԵԽ գլխավոր քարտուղարը նման հայտարարություն է արել «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում՝ անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության շուրջ բանակցային գործընթացին, ինչպես նաև Հայաստանի ու Եվրոպայի խորհրդի միջև հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի:
-Պարոն Բերսե, Հայաստանը բախվել է աննախադեպ մարտահրավերների, այդ թվում՝ համաշխարհային COVID-19 համավարակի, ռազմական բռնության, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հարկադիր տեղահանումից հետո փախստականների լայնածավալ հոսքի հետ։ Այս աննախադեպ մարտահրավերների լույսի ներքո ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հարաբերությունների և համագործակցության առկա մակարդակն՝ ուղղված երկրում ժողովրդավարության մակարդակի բարձրացմանն ու մարդու իրավունքների պատշաճ ապահովմանը։ Այս առումով ի՞նչ նվաճումներ և թերություններ կառանձնացնեք։
-Նախևառաջ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեք, այն, ինչ Դուք նկարագրեցիք՝ կապված այդ բոլոր ճգնաժամերի, Հայաստանի համար դժվարին իրավիճակի հետ... հենց այդ իրավիճակներում է կարևոր եվրոպական ընտանիքի, Եվրոպայի խորհրդի ուժեղ անդամ լինելը, ինչը հենց այդ մարտահրավերներին դիմակայելու համար հնարավորություն կտա ունենալ աջակցություն, մտքերի փոխանակում կատարել, ունենալ երկխոսության հնարավորություն և ունենալ նաև ուժեղ զգացում՝ ժողովրդավարական գործընթացների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության համար։ Գիտեք, մենք ունենք տարբեր ճգնաժամեր զանազան երկրներում, ունենք նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմ, Դուք նկարագրեցիք Հայաստանի իրավիճակը․ իսկապես կարևոր է վերադառնալ ակունքներին։ Ես նկատի ունեմ արժեքների նկատմամբ ամուր հանձնառությունը, քանի որ դա մեզ տալիս է մի ուղղություն, որով մենք կարող ենք համատեղ աշխատել՝ մեր երկրի, մեր բնակչության համար ավելի լավ հեռանկար ստեղծելու նպատակով։ Ես կասեի, որ այս համատեքստում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունն իսկապես գերազանց է, այն շատ լավ է աշխատում։ Մենք նաև ունենք Եվրոպայի խորհրդի գրասենյակ այստեղ՝ Երևանում, որտեղ ավելի քան 40 մարդ աշխատում է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև համագործակցության նախագծերի և ծրագրերի իրականացման ու մշակման վրա՝ աջակցելով և ուղեկցելով Հայաստանին իր զարգացման ճանապարհին, որպեսզի երկիրն ունենա ավելի ամուր ժողովրդավարություն, արդարադատության անկախություն, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներ, լրատվամիջոցների բազմազանություն, հանրային քննարկումներ․ մենք դա անում ենք միասին։ Այսինքն՝ հենց դժվարին ժամանակների համար է, որ մեզ անհրաժեշտ են ուժեղ, բազմակողմ ինստիտուտներ և կազմակերպություններ։ Եթե ամեն ինչ կատարյալ լիներ, ամեն ինչ լավ կլիներ, բազմակողմ համատեքստում ամուր համագործակցության կարիք չէր լինի, բայց հենց այն պատճառով, որ հիմա դժվար ու բարդ ժամանակներ են, մեզ սա է պետք, և հենց դրա համար է անհրաժեշտ այդ ինստիտուտը՝ Եվրոպայի խորհուրդը, և հենց դրա համար է, որ մենք այդքան սերտորեն համագործակցում ենք Հայաստանի հետ։
Իմ այցի սկզբում ինձ ասացին, թե ինչպիսին էր իրավիճակը Հայաստանում 30 տարի առաջ։ Այսինքն՝ ինձ ասացին, որ այն ժամանակ էներգամատակարարում գրեթե չի եղել, չի եղել կապի համակարգ, հասարակական տրանսպորտ, ջեռուցում բնակարաններում։ Դրանք 90-ականներն էին, ապա 2001 թվականին Հայաստանը միացավ Եվրոպայի խորհրդին և դրանով իսկ ամուր հանձնառություն տվեց ժողովրդավարական զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը և մարդու իրավունքների ամուր պաշտպանությանը։ Ձեռքբերումները հենց Հայաստանինն են, ոչ թե Եվրոպայի խորհրդինը, բայց իրականացվել են նաև Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։ Եվ երբ մենք տեսնում ենք իրավիճակը հիմա՝ 30 տարի անց, կա հսկայական նվաճում՝ ճիշտ ուղղությամբ: Դա չի նշանակում, որ ամեն ինչ կատարյալ է, որ բարելավման տեղ չկա, որ ոչինչ չկա շտկելու կամ փոխելու, բացարձակապես ոչ, բայց ամբողջ ճանապարհը գնում է իսկապես ճիշտ ուղղությամբ և մեծ ուժով: Մենք երբեք չպետք է այդ նվաճումներն ընդունենք որպես պարզապես հասարակ նվաճումներ, այլ պետք է անընդհատ աշխատենք այս ուղղությամբ և զարգացնենք, անդրադառնանք բացասական կողմերին, փորձենք ինչ-որ բան փոխել և աշխատել միասին: Սա իսկապես ակտիվ համագործակցություն է, որը մենք պետք է ունենանք: Սա հենց այն է, ինչ մենք փորձում ենք անել լավագույնս, նաև Եվրոպայի խորհրդի ներկայությամբ այստեղ՝ Հայաստանում:
-Հայաստանը Եվրոպայի հետ իր հարաբերությունների մերձեցման ուղին սկսեց 2001 թվականին՝ անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառությամբ։ Ավելի ուշ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» և ներկայում իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումների զգալի մասը։ Այս տարի Հայաստանի կառավարությունը և Ազգային ժողովը հավանության արժանացրին քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնված օրենքը՝ Հայաստանի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ, որը դրականորեն ընդունվեց ԵՄ-ի կողմից։ Եվրոպայի խորհրդի տեսանկյունից, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կառավարության այս քայլերը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս ուղղությամբ, և ըստ Ձեզ՝ որքանո՞վ կարող է Հայաստանը մոտ լինել Եվրամիությանը։
-Գիտեք, մենք բոլորս եվրոպական ընտանիքի անդամներ ենք։ Սա աշխարհագրական, մշակութային և պատմական իրականություն է։ Ես նկատի ունեմ՝ Հայաստանին և 46 անդամ բոլոր պետություններին, որոնք Եվրոպայի խորհրդի անդամ են։ Եվ դա չի նշանակում, որ մենք ունենք որոշակի միատարրություն այս բոլոր երկրների միջև։ Բացարձակապես ոչ։ Մենք ունենք տարբեր համատեքստեր, պատմություններ, ավանդույթներ, մարտահրավերներ, բայց չնայած այս հսկայական բազմազանությանը՝ մենք ունենք այս ընդհանուր հիմքը և ամուր հանձնառությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ։ Սա է այն իրականությունը, որը մենք ունենք։ Եվ դա նշանակում է, որ համատեղ աշխատելով՝ մենք պետք է որոշենք, թե արդյոք կարո՞ղ ենք տեսնել զարգացման մի ուղի, որտեղ մենք մերձենում ենք, որտեղ մենք միշտ ավելի ու ավելի սերտորեն ենք աշխատում միասին։ Մենք սա անում ենք։ Եվ Հայաստանը սա անում է ամուր կերպով՝ արդեն մեկ սերունդ։ Եվ տրամաբանորեն դա հանգեցնում է մի պահի, երբ, գուցե, կդրվի ԵՄ-ին անդամակցելու հարցը: Եվ սա է այս պահին ստեղծված իրավիճակը։ Սա նույն նախագիծը չէ։ Մեզ անհրաժեշտ են տարբեր ինստիտուտներ։ Եվրոպայի խորհուրդը արժեքների նկատմամբ ամուր նվիրվածությամբ լայն եվրոպական ընտանիք է, իսկ Եվրոպական Միությունը՝ 27 անդամով, ավելի շատ քաղաքական նախագիծ է։ Սակայն անհրաժեշտ է ունենալ այս մերձեցումը՝ Եվրամիությանը միանալու հնարավորությունը պատկերացնելու համար։ Եվ մենք իսկապես ուրախ և հպարտ ենք ԵՄ-ի հետ մերձեցման և հնարավոր նոր քայլերի բացման այս աշխատանքում Հայաստանի կողքին լինելու համար։ Ինչպես արդեն ասացի, սա ակտիվ և շարունակական աշխատանք է։ Շատ կարևոր է միշտ շարժման մեջ լինել և, եթե հնարավոր է, ճիշտ ուղղությամբ։ Այսինքն՝ ավելի շատ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ․ սա հենց այն է, ինչ Հայաստանն անում է։ Եվ բացի այդ, դա հնարավորություն է տալիս ունենալ այս քննարկումը Բրյուսելի հետ՝ հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Նաև նշեմ, որ Հայաստանը հաջորդ տարի կկազմակերպի Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը, ինչը հսկայական նվաճում է։ Սա նաև այն փաստի ճանաչումն է, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի ամուր անդամ է, և մենք իսկապես ուրախ ենք, որ այս համաժողովը կլինի Հայաստանում։
-Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի նախագծի մշակումն ամբողջականացնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու մասին։ Սակայն, երբ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, Ադրբեջանը կրկին սկսեց առաջ քաշել նոր նախապայմաններ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և Հայաստանի Սահմանադրության դրույթների հետ: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է գնահատում Եվրոպայի խորհուրդը ստեղծված իրավիճակը, որքանո՞վ եք հավանական համարում, որ համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, և ի՞նչ ներդրում կարող է ունենալ Եվրոպայի խորհուրդը Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում:
Նախևառաջ, կարող եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ինձ և Եվրոպայի խորհրդի համար կարևոր կլինի, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի հնարավորինս շուտ։ Այն պատրաստ է։ Սա նաև խաղաղության համաձայնագիրը քննարկող բոլոր մասնակիցների կողմից արված ուժեղ քայլ է՝ խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ համաձայնության գալու համար։ Եվ այս պահին ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու հնարավոր չպետք է լինի շուտափույթ ստորագրել այս խաղաղության համաձայնագիրը։ Դա լավ կլինի բոլոր երկրների համար։ Դա լավ կլինի տարածաշրջանի համար, քանի որ մեզ և ձեզ անհրաժեշտ է կանխատեսելիություն և կայունություն տարածաշրջանում, քանի որ դա բնակչությանը լավ հեռանկար առաջարկելու լավագույն միջոցն է։ Սա նաև լավագույն միջոցն է՝ պատրաստ լինելու դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց մենք ականատես ենք լինում հենց հիմա համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ։ Եվ ինչպես տեսնում ենք, եթե հնարավոր լինի այս քայլը կատարել, դա իսկապես հսկայական և շատ դրական նվաճում կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարող է անել Եվրոպայի խորհուրդն այս առումով, ապա երկու երկրներն էլ անդամակցում են մեզ տարիներ շարունակ։ Եվ դա նշանակում է, որ մենք կապի մեջ ենք երկու երկրների հետ։ Ես ինքս հնարավորություն ունեցա հանդիպումներ ունենալ նաև նախագահ Ալիևի հետ և անդրադառնալ այդ հարցին։ Եվ կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է աջակցել գործընթացին։ Մենք կարող ենք լինել երկրների կողքին։ Եվ մենք կարող ենք նաև խոսել այլ գործընկերների հետ։ Ես ինքս շփումներ ունեցա Թուրքիայի հետ, որը կարևոր հարևան է ամբողջ տարածաշրջանի համար, ասելով նրանց, որ դա կարևոր կլինի Եվրոպայի, բայց, հավանաբար, նաև Թուրքիայի համար։ Ահա թե որտեղ մենք կարող ենք օգնել բարեկամական աջակցությամբ, որը կարող ենք տրամադրել։ Նաև միշտ ընդգծում եմ, թե որքան կարևոր է Հարավային Կովկասը աշխարհի համար, ակնհայտորեն նաև Եվրոպայի և ամբողջ մայրցամաքի համար։ Ահա թե ինչու եմ ես ներկա այս տարածաշրջանում, ահա, թե ինչու եմ ես այդքան ակտիվորեն ներգրավված այդ բոլոր քննարկումներում։ Կարծում եմ, որ սա լավ միջոց է որոշակի առաջընթաց գրանցելու համար, որպեսզի Հարավային Կովկասը և երկրները, երկրների առաջնորդները հասկանան, որ մենք անտարբեր չենք այստեղ տեղի ունեցողի նկատմամբ։ Մենք հետաքրքրված ենք տեսնել առաջընթաց։ Եվ մենք նաև ջանք ենք գործադրում և օգնում այնտեղ, որտեղ հնարավոր է որոշակի առաջընթաց ունենալ, որովհետև դա հենց այն է, ինչ մենք կարող ենք անել։ Նաև օգտագործում ենք Ստրասբուրգի ինստիտուտները։ Ստրասբուրգում մենք ունենք 46 անդամ պետություններ, որոնք ներկայացված են դեսպաններով և իրենց թիմերով։ Հայաստանն ունի ուժեղ ներկայացուցչություն Ստրասբուրգում։ Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես ներկա են, և դա մեզ լավ առիթներ է տալիս խոսելու և միասին աշխատելու համար։
-Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն արդեն գրեթե 2 տարի անօրինական մեղադրանքներով պահվում են Բաքվում։ Ադրբեջանի իշխանությունները կեղծ մեղադրանքներ են առաջադրել նրանց դեմ՝ անցկացնելով կեղծ դատական գործընթացներ։ Հայաստանը, բնականաբար, ցանկանում է հնարավորինս շուտ հայրենիք վերադարձնել այդ մարդկանց։ Այս առումով, ինչպե՞ս կարող է Եվրոպայի խորհուրդը նպաստել այս մարդասիրական հրատապ խնդրի լուծմանը՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի շրջանակներում Հայաստանի ժողովրդավարական պարտավորությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի վերջին բանաձևը, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին և այլ քաղաքացիական կալանավորներին։
Առաջին կետը. կարծում եմ, որ նաև այս առումով խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը նույնպես դրական բաղկացուցիչ կլինի և դեր կունենա այս հարցում: Երկրորդ տարրը, որը կարող եմ նշել, նույնպես կապված է նախկինում ասածիս հետ․ մենք պետք է ներկա լինենք՝ ցույց տալու համար, որ անտարբեր չենք և ուզում ենք որոշակի առաջընթաց տեսնել այդ տեսակի հարցերի համար: Եվ դա նշանակում է, որ ինձ համար միշտ կարևոր է եղել ոչ միայն Ստրասբուրգում հայտարարություն անելը և այն կայքում հրապարակելն ու ասելը՝ այսքանը, ես գոհ եմ դրանից: Ո՛չ, այստեղ գալն է, մարդկանց այցելելն է, բոլորի հետ խոսելն ու խնդիրները լուծելն է կարևորը: Եվ երրորդ կետն այն է, որ հենց այդ պատճառով է այդքան կարևոր, որ Հարավային Կովկասի երեք երկրները Եվրոպայի խորհրդի անդամ են։ Դա նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք հասցեագրել այդ երկրներում ապրող բոլոր անձանց նկատմամբ մարդու իրավունքների խախտումները։ Եվ մենք անընդհատ խախտումներ ունենք ամենուրեք։ Սա մեր առջև ծառացած հսկայական մարտահրավերներից մեկն է՝ այս հարցերը քննարկել Ստրասբուրգում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշում կայացնել։ Ահա թե ինչու է այդքան կարևոր ունենալ դատարան և ունենալ անկախ դատարան, ունենալ դատարանի որոշումների պատշաճ կատարում։ Սա նույնպես կարևոր տարր է, որին մենք կարող ենք անդրադառնալ։ Սակայն ակնհայտ է, որ պատերազմից հետո խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ամբողջ քննարկման և պատերազմի բոլոր հետևանքների՝ ներառյալ Ձեր նշած բանտարկյալների համատեքստում, կարևոր է դրան անդրադառնալ ինստիտուտների համատեքստում և ընդգծել առաջընթաց ունենալու կարևորությունն ու ցույց տալ, որ մենք անտարբեր չենք, այլ ֆիզիկապես ներկա ենք տարածաշրջանում։
-Պարոն Բերսե, ինչպե՞ս կգնահատեք Ձեր այցը Հայաստան և այստեղ ունեցած Ձեր հանդիպումները։
Պետք է ասեմ Ձեզ՝ այն իսկապես դրական է։ Ես իսկապես ուրախ եմ մեր շփումների, մեր ունեցած նվիրվածության, մեր ունեցած անկեղծ և բաց քննարկումների համար։ Միշտ այդպես է լինում ընկերների և դաշնակիցների միջև։ Պետք է հնարավոր լինի բոլոր հարցերը միասին լուծել։ Եվ մենք իսկապես շատ դրական տրամադրություն ունենք։ Եվ ես նկատի ունեմ նաև ամուր աջակցությունը Հայաստանին՝ բարեփոխումների ողջ գործընթացի համատեքստում։ Եվ Երևանում մեր գրասենյակն ու դրա աշխատանքը լավագույն միջոցն են՝ միասին աշխատելու և որոշ նպատակներին հասնելու համար։ Հայաստան այցելությունը իսկապես դրական է։
Շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1222149