երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Կխթանվի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը

Կխթանվի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարությունը համաձայնություն է տվել  Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 30-ի առաջարկությանը` դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը նախատեսվում է ավելացնել 8 դատավորով, 1-ական դատավորներով մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը, 3 դատավորով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմը: Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ապահովել նաև 20 դատավորի ավելացման անհրաժեշտ պահպանման ծախսերը։

 
 

Նիկոլ Փաշինյանը, անդրադառանալով որոշմանը, նշել է, որ դատավորների թվակազմի ավելացումը պետք է դիտարկել նաև որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց: «Ինչպես Պարեկային ոստիկանությունում, գալիս են մարդիկ, ովքեր նախկինում ոստիկանության հետ առնչություն չեն ունեցել՝ իրենց հետ բերելով նոր հայացք, նոր մոտեցում, բնականաբար, ոստիկանությունում արդեն առկա լավագույն փորձը հաշվի առնելով, նույն արդյունքը մենք հետապնդում ենք նաև դատական համակարգում: Հույս ունենք, որ այս լրացումներով, համալրումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, մյուս կողմից՝ նոր թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավվենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, պայմանական ասած, մեր երազանքների դատական համակարգը, որի դիրքորոշումները հենց իրենց բնույթով և էությամբ, իրենց ծագմամբ կհամարվեն արդարության և արդարադատության մարմնավորում և դրսևորում: Սա ամենակարևոր նպատակն է, որն մենք բոլորս հետապնդում ենք, ուստի, կարծում եմ, շատ կարևոր որոշում է՝ հաշվի առնելով նաև այն ուղեկցող ընթացակարգերը, որոնք մենք վերջին տարիներին սահմանել ենք նոր դատավորների և ընդհանրապես պաշտոնյաների նշանակման համար»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 

Կխթանվի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը և կապիտալի շուկաների զարգացումը

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում` տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը և կապիտալի շուկաների զարգացումը խթանելու նպատակով: Հիմնավորման համաձայն, ՀՀ-ում ներկայում  գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այնպիսի այլընտրանքային գործիքներ, ինչպիսիք են մասնավոր բաժնեմասային ֆոնդերը և բորսայում ցուցակման ինստիտուտը: Բիզնեսի ֆինանսավորման հիմնական աղբյուրը բանկային վարկն է, որն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Տնտեսավարող սուբյեկտները հաճախ ի վիճակի չեն լինում ֆինանսավորել ընդլայնման նախագծերը կամ շրջանառու միջոցները բանկերի միջոցով մի շարք պատճառներով, որոնցից են՝ գրավադրման համար ակտիվների պակասը, ակնկալվող դրամական հոսքերի անկանխատեսելիությունը, բարձր տոկոսադրույքները և այլն:

ՀՀ-ում  գործող այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը, որն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունվարից։ Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ներկայում ֆոնդի կողմից մոտ 31 մլն ԱՄՆ դոլար է ներգրավվել: Ըստ նախարարի տեղակալի՝  Հոլանդիայի զարգացման բանկը (FMO) պատրաստակամ է ներդրում իրականացնել ֆոնդում 7 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ պայմանով, որ ֆոնդի չափը իր կողմից ներդրում կատարելուց հետո մինչև ս․թ․ հուլիսի 20-ը կլինի առնվազն 45 միլիոն ԱՄՆ դոլար: ՀՀ կառավարության կողմից ակնկալվող առնվազն 7 մլն ԱՄՆ դոլար չափով ներդրումը հնարավոր կդարձնի FMO-ի ներգրավվածությունը, որը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև կնպաստի ֆոնդի համար այլ ներդրողների ներգրավվմանը, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցներ ՀՀ տնտեսության մեջ ներգրավվելուն։ Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության նախատեսում է 3 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցություն,  իսկ մնացած 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը կներդնի  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը:

 

Կկազմակերպվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն ավելացնել 335,078.4 հազար դրամ գումարով: Այդ գումարը կուղղվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպմանը: Ճամբարը նախատեսվում է կազմակերպել հետևյալ կազմակերպությունների միջոցով՝      «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «ԼԱՎԱ աղբյուր», «Լուսաբաց ճամբար» առողջարարական, «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան», «Գուգարք ճամբար» ընկերություններ: Ըստ հիմնավորման՝ 2020 թ. 4800 շահառուների ամառային հանգստի կազմակերպման համար կազմակերպվել է դրամաշնորհային մրցույթ, սակայն համաճարակային իրավիճակով պայմանավորված երեխաների ամառային հանգիստը չի կազմակերպվել։ Ըստ այդմ, հաշվի առնելով, որ արդեն իսկ սկսվել են ամառային արձակուրդները և համաճարակային իրավիճակով պայմանավորված հանգստին հատկացված ժամանակահատվածն ավելի կարճ է, քան նախորդ տարիներին (3 ամսվա փոխարեն՝ 2),  առաջարկվում է շահառու խմբի ամառային հանգիստը կազմակերպելու համար գումարներն ուղղել վերը թվարկված 7 կազմակերպություններին՝ առանց մրցույթի դրամաշնորհի տրամադրմամբ: Ճամբարը նախատեսվում է կազմակերպել 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ, յուրաքանչյուր հերթափոխում 1600 երեխա։

Ընդհանուր գումարը կկազմի 335 մլն դրամ, որից 321,6 մլն դրամը կտրամադրվի կազմակերպություններին ամառային հանգիստը կազմակերպելու համար (սնունդ, կեցություն, մանկավարժական կազմի վարձատրություն և այլն), իսկ 13,4 մլն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ տրանսպարտային ծախսերը հոգալու համար։

Հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ծանրամարտիկներին համապատասխան ծանրաձողերով ապահովելու հարցին և տեղեկացրել, որ ծանրաձողերը երկու օրից՝ ամենաուշը կիրակի օրը կլինեն ՀՀ-ում:

 

Կբարելավվի Սևանա լճի էկոհամակարգը. ջրածածկման ենթակա տարածքներում կիրականացվեն անտառմաքրման աշխատանքներ

Սևանա լճի ջրի ճահճացումը կանխարգելելու, լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման,  Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականցման նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան ընկերության հետ 2019 թվականին կնքել է պայմանագիրը: Պայմանագրի շրջանակում 2019-2021թթ. նախատեսվել էր մաքրել 750հա ջրածածկի ենթակա տարածք, սակայն մաքրման աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ։  Այդ իսկ պատճառով նախարարությունը նախաձեռնել է աշխատանքները իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։ Այդ նպատակով  նախատեսվում է ձեռք բերել սարքավորումներ, իրականացնել չմաքրված տարածքների մաքրման աշխատանքներ (մոտ 50 հա)։ Միաժամանակ, «Սևան» ԱՊ կողմից նշված տեխնիկան կներգրավվի նաև Սևանա լճի առափնյա տարածքների ջրածածկման ենթակա շենք-շինությունների ապամոտաժման աշխատանքներում, ինչն էականորեն կավելացնի ՀՀ պետական միջոցների ծախսման արդյունավետությունը։ Հետագա տարիներին նախատեսվում է մաքրման աշխատանքներն իրականացնել առաջանցիկ տեմպերով՝ զուգահեռաբար միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինասական միջոցների ներգրավմամբ, և Հայաստանի Հանրապետության 2021-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ» միջոցառման համար նախատեսված ֆինասական միջոցների վերաբաշխման արդյունքում լրացուցիչ պահանջվող տեխնիկայի ձեռքբերման միջոցով։

 

ՀՀ-ում կստեղծվի էլեկտրական մալուխների ժամանակակից օբյեկտ

Կառավարությունը հավանություն է տվել «Լիեն քոմփանի» ՓԲԸ-ի ներկայացրած գործարար ծրագրին: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին և զբաղվում է էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրությամբ։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ստեղծել էլեկտրական մալուխների ժամանակակից օբյեկտ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.46 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2026 թվականը ստեղծել 20 նոր աշխատատեղ։

Գործադիրը որոշել է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևանի Աջափնյակ Ալիխանյան եղբայրների փողոց 2  հասցեում գտնվող  արտադրամասն անհատույց օգտագործման իրավունքով՝ 25 տարի ժամկետով հանձնել «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամին: Կենտրոնը  նախատեսվում է վերանորոգել տվյալ անշարժ գույքը, ձեռք բերել հաստոցներ և այլ տեխնիկա, արքավորումներ՝ գիտության, կրթության և տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում հետազոտություն, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու, փորձանմուշներ  մշակելու նպատակով: Հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք ունեցող ֆիզիկա-հետազոտական կենտրոն՝ բարձրացնելով կիրառական տեխնոլոգիաների արտադրության և զարգացման ոլորտում Հայաստանի դերն ու նշանակությունը:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ սահմանել է ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը: Կարգով սահմանվում է լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմինը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

  • Կիսվել: