հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կկարգավորվի ակցիաների, զեղչերի և այլ մարկետինգային գործունեության միջոցառումների ոլորտը

Կկարգավորվի ակցիաների, զեղչերի և այլ մարկետինգային գործունեության միջոցառումների ոլորտը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է կարգավորել սուպերմարկետներում և այլ առևտրի վայրերում ակցիաների, զեղչերի և այլ մարկետինգային գործունեության միջոցառումների ոլորտը։

Նշվում է, որ գործնականում հանդիպող խնդիրներից են, ի թիվս այլնի.

  1. Ակցիայի իրականացմանը նախորդող ժամանակահատվածում ապրանքի իրացման գնի կամ ծառայության մատուցման գնի կտրուկ բարձրացումը, որին հաջորդում է ակցիայի կիրառումը արդեն իսկ բարձրացված գնից․
  2. Ակցիայի պայմանների վերաբերյալ թերի, ոչ հավաստի տեղեկատվության հրապարակումը․
  3. Ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը փաստացի ակցիայի բացակայության պայմաններում․
  4. Ակցիայի իրականացման ժամանակային սահմանափակում չունենալը, որպիսի պայմաններում ակցիայի արդյունքում սահմանվող գինը դառնում է ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման փաստացի գին:
 
 

Նախագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը.

 
  1. ակցիայի հասկացությունը և տեսակները.
  2. զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը և այլն.
  3. ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները և կիրառման պայմանները.
  4. ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, դրա դադարեցման պայմանները և այլն.
  5. օրենքին հակասող ակցիա իրականացնելու համար նախատեսվող իրավական հետևանքները։

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր ակցիայի կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, այդ թվում մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը։

  • Կիսվել: