երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոսում եք զբոսաշրջության աննախադեպ աճերից, վերջին անգամ ե՞րբ եք եղել Ջերմուկում․ Թադևոս Ավետիսյանը՝ Վահան Քերոբյանին

Խոսում եք զբոսաշրջության աննախադեպ աճերից, վերջին անգամ ե՞րբ եք եղել Ջերմուկում․ Թադևոս Ավետիսյանը՝ Վահան Քերոբյանին

Վերջին անգամ Ջերմուկում ե՞րբ եք եղել. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագծի քննարկմանը դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Զբոսաշրջության հիմքը անվտանգությունն է, հատկապես, եթե ընտանքիդ ես տանում, այս օրենքը լուծելո՞ւ է հարցը, Ջերմուկում տեսնելո՞ւ ենք գերհագեցած հյուրանոցային տնտեսություններ, թե՞ տեսնելու ենք այն վիճակը, ինչ, ցավոք, հիմա կա», - ասաց նա։

Հարցին միջամտեց ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը. «Հիմա փորձեցի կապվել մեր զբոսաշրջային ընկերություներից մեկի հետ, որը ճշտում է Ջերմուկում ծանրաբեռնվածությունը։ Ամանորի հետ կապված՝ նույնիսկ ունենք հյուրանոցներ, որ ազատ տեղեր չունեն», - ասաց նա։

Նախարար Քերոբյանը նշեց, որ Ջերմուկում եղել է վերջին անգամ հուլիս ամսին՝ քննարկելու ինչպես են անցնում ամառային ամիսները։

«Հյուրանոցների ներկայացուցիչների հետ հանդիպեցինք, խնդրեցին ակտիվացնել, խնայած միջոցներով լրացուցիչ փառատոն կազմակերպեցինք։ Բազմաթիվ ծրագրեր ուղղված են դրան, 16 փառատոն ենք արել, հազարավոր այցելուներ են եղել»,-ասաց նա։

Նախարարը նշեց՝ այս օրենքը նրա համար է, որ զբոսաշրջիկը երկրի ներսում ապահովված լինի լավ ծառայություններով, տարբեր տեսակի խաբեության չենթարկվի։

«Իսկ անվտանգության տեսակետից կառավարությունը և մեր կուսակցությունը մեծ ջանքեր են  գործադրում, որ ապահովենք երկարատև խաղաղություն, որը պետք է ապահովի այն անվտանգությունը, որի մասին խոսում եք»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ-ն 142 երկրների շարքում 7-րդ՝ ամենաապահով երկիրն է։

«Մեր երկրում քիչ է հանցագործությունների մակարդակը»,-ասաց և հավելեց, որ զբոսաշրջության աճով ՀՀ-ն 6-րդ երկիրն է։

  • Կիսվել: