Խնդիրը սրե՞նք, ասում ենք` սպասե՛ք, գնալու են Վրաստանում կուտակվեն. ՊԵԿ նախագահը` կոնյակագործներին
Քանի որ կան կուտակումներ վրացական կողմում, մի քանի օր խնդրել ենք սպասեն մեր արտահանողները, որպեսզի այդ կուտակումների հարցը կարգավորվի և հետո թույլ տանք արդեն արտահանել։ Այս մասին Factor.am–ի հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով նախկինում իր արած հայտարարությանը, թե պետք է սահմանափակվի ժամանակավորապես բեռնատարների մուտքը Վրաստան։
«Կոնկրետ օրեր հստակ չենք ասել, այս մեկ-երկու օրվա ընթացքում վերջնական քննարկումներ կանենք և իրենց կիրազեկենք հստակ ժամկետը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ կոնյակագործները նշում են, որ տնտեսությունը կոլապսի առջև է կանգնելու, քանի որ արտահանումը կանգ է առել, ՊԵԿ նախագահն ասաց. ««Այդ խնդիրը կա, հիմա սրե՞նք ավելի։ Մենք ասում ենք, որպեսզի խնդիրը ձեր մոտ չսրվի, մենք ասում ենք՝ սպասեք այստեղ, մինչև մյուս մեքենաները, որոնք Վրաստանում են, այդ հարցը կարգավորեն, դեպի Ռուսաստան կուղղեն, դրա հետևից մենք արդեն թույլ կտանք, որպեսզի այստեղից էլ նորից գնան։ Հակառակ պարագաներում գնալու են Վրաստանում կուտակումներ լինեն, ի՞նչ տարբերություն»։
Ինչ վերաբերում է նման իրավիճակի պատճառներին, արդյոք այդտեղ քաղաքական խնդիր կա, նա արձագանքեց. «Այս պահի տեղեկություններով, վրացի գործընկերները փորձաքննություններ են իրականացրել, ժամանակ առ ժամանակ նման բաներ լինում են։ Լավ լուր ասվածը իրականություն է, 50-ից ավել բեռնատարներ արդեն ուղղվել են վերջին օրերին դեպի Ռուսաստան, օրական մի քանի բեռնատարներ գնում են դեպի Ռուսաստան։ Այսինքն այդ խնդրի մի մասը, կարելի է ասել, կարգավորվել է, մյուս մասը օպերատիվ քննարկումների արդյունքում կշարունակենք կարգավորել»։