հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. էկոնոմիկայի նախարարը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. էկոնոմիկայի նախարարը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեմ է, որ էլեկտրամոբիլների համար դիլերական կազմակերպություններին տրված քվոտաները տեղաբաշխվեն անհատ ներմուծողների միջև, որոնց քվոտան վերջացել է։ Այս մասին նա ասաց այսօր ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Պապոյանն ընդգծեց, որ 2024 թ. տարեվերջին շատ հստակ խաղի կանոններ են սահմանվել դիլերների և անհատ ներմուծողների համար, և քվոտաների մեծ մասը տրվել է անհատներին, որը սպառվել են։

«Ճիշտ է, կազմակերպությունների քվոտան դեռ չի սպառվել, սակայն նրանք պայմանագրեր են կնքել իրենց քվոտաների զգալի մասով ՀՀ այլ քաղաքացիների հետ, որոնց համար պետք է մեքենաներ ներմուծեն։ Հետևաբար, ես կարծում եմ, որ խաղի կանոնները փոխելը խաղակեսին դա լավ ու ճիշտ գաղափար չէ, գործարար միջավայրրի համար շատ վնասակար երևույթ է։ Մենք կարծում ենք, որ մեր այս դիրքորշմանը պետք է մնանք մինչև վերջ»,– հայտարարեց նախարարը։
Նշենք, որ ստեղծվել է «Էլեկտրամոբիլներ ներկրողների շահերի պաշտպանության» նախաձեռնող խումբ, որի անդամները նշում են, որ էլեկտրամոբիլների` ՀՀ ներկրման քվոտան պետք է վերաբաշխվի, և ՀՀ կառավարությունը պետք է վերանայի դիլերներին և ֆիզիկական անձանց տրված սահմանաչափը։ Ըստ նրանց` կյանքը ցույց տվեց, որ քվոտաների բաշխումը սխալ էր, քանի որ դիլերների մոտ սպառվել է ընդամենը 500 քվոտա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2025 թվականին Հայաստանին հատկացվել է 8000 քվոտա՝, որից 5000-ը հատկացվեց քաղաքացիներին, 3000-ը` դիլերներին։ Այս տարվա փետրվարի 23–ին ՊԵԿ-ը հայտարարեց, որ էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025 թ. քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 90 տոկոսն իրացվել է․ այս տարի արդեն Հայաստան է ներկրվել է 4499 մեքենա։

  • Կիսվել: