ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կերկարաձգվի տնտեսավարողներին տրամադրվող պետական օժանդակության ժամկետը

Կերկարաձգվի տնտեսավարողներին տրամադրվող պետական օժանդակության ժամկետը

Կառավարության որոշմամբ 6 ամսով կերկարաձգվի տնտեսավարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը: Այն հնարավորություն կտա ապահովելու շուրջ 6 մլն լիտր (2019 թվականին արտահանված տեղական արտադրության կոնյակի սպիրտի մակարդակի 50%-ը) կոնյակի սպիրտի արտահանում և կազմակերպելու 2022 թ. ակնկալվող խաղողի մթերումների գործընթացը։ Հիմնավորման համաձայն՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված 2019 թ. համեմատությամբ

2020 և 2021 թվականներին զգալիորեն նվազել են կոնյակի սպիրտի իրացման, այդ թվում՝ արտահանման ծավալներն ու դրանց արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների ֆինանսական մուտքերը։  2019 թվականին կոնյակի սպիրտի արտահանման ծավալը կազմել է 14.5 մլն լիտր, իսկ 2020 թվականին՝ 7.1 մլն լիտր, որը 2019 թվականի համեմատությամբ նվազել է 7.4 մլն լիտրով կամ շուրջ 49 %-ով։ 2021 թվականի 10 ամիսներին կոնյակի սպիրտի արտահանման ծավալը կազմել է 5.4 մլն լիտր նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 6.6 մլն լիտրի դիմաց, կամ 2021 թվականի 10 ամիսներին կոնյակի սպիրտի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 1.2 մլն լիտրով կամ շուրջ 18 %-ով։  2019 թ. մթերվել է շուրջ 163.0 հազար, 2020 թվականին՝ շուրջ 235.0 հազար, իսկ 2021 թ. շուրջ 195.0 հազար տոննա խաղող։ Ըստ գնահատականների մթերված խաղողի շուրջ 90 %-ն ուղղվում է կոնյակի սպիրտի արտադրությանը։ Եթե հաշվի առնենք, որ միջին հաշվով 12 կգ խաղողից ստացվում է 1 լիտր կոնյակի սպիրտ, ապա 2019 թվականին արտադրված կոնյակի սպիրտի ծավալը կազմում է շուրջ 12.2 մլն լիտր, 2020 թվականին` շուրջ 17.6 մլն լիտր, իսկ 2021 թվականին՝ շուրջ 14.6 մլն լիտր: Հաշվի առնելով, որ տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա է ավելի քան 44.4 մլն լիտր կոնյակի սպիրտի մնացորդ և 2022 թ. խաղողի բերքի մթերման համար անհրաժեշտ է ապահովել կոնյակի սպիրտի պահման ազատ տարողություններ՝ կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու նպատակով անհրաժեշտ է օժանդակության տրամադրման ժամկետն երկարաձգել ևս 6 ամսով՝ մինչև 2022 թ. հունիսի 30-ը։

  • Կիսվել: