շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կդյուրացվեն Հայաստանի և Բելառուսի առանց արտոնագրերի այցելությունների մեխանիզմները

Կդյուրացվեն Հայաստանի և Բելառուսի առանց արտոնագրերի այցելությունների մեխանիզմները

2021 թ. հոկտեմբերի 8-ին ստորագրված արձանագրության վավերացումը կդյուրացնի Հայաստանի և Բելառուսի առանց արտոնագրերի այցելությունների մեխանիզմները: Այս մասին հայտնել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Արձանագրությամբ համաձայնագրի 1-ին հոդվածը լրացվում է երրորդ և չորրորդ մասերով: Ըստ լրացումների՝ մի կողմի պետության քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու ամսաթվից 30 օրվա ընթացքում ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

Մի կողմի պետության քաղաքացու 30 օրից ավելի ժամկետով մյուս կողմի պետության տարածքում գտնվելու դեպքում՝ տվյալ քաղաքացին պարտավոր է գրանցվել (ըստ գտնվելու վայրի` հաշվառման կանգնել) մուտքի պետության իրավասու մարմիններում՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան:

Նշվել է, որ Բելառուսն արդեն վավերացրել է արձանագրությունը:

««Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի հերթական նիստում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն օրինագծին դրական եզրակացություն է տվել:

  • Կիսվել: