ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԲ-ն Հայաստանում 4% տնտեսական անկում է կանխատեսում

ԿԲ-ն Հայաստանում 4% տնտեսական անկում է կանխատեսում

Հայաստանում կորոնավիրուսի հարուցած տնտեսական ճգնաժամը խորանում է: Այդ մասին է խոսում 2020 թվականի երկրորդ եռամսյակի Գնաճի հաշվետվությունը, որն այսօր՝ հունիսի 30-ին, ներկայացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նա հայտնեց, որ Կենտրոնական բանկը նվազեցրել է 2020-ին Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը նախկինում ակնկալվող 0,7 տոկոսից մինչև -4 տոկոս։

«Ելնելով արտաքին աշխարհի և Հայաստանի երկրորդ եռամսյակի տնտեսական ակտիվության ավելի խորը անկումից, ինչպես նաև պայմանավորված ավելի դանդաղ վերականգնման սպասումներով, Հայաստանի տնտեսական աճը 2020 թվականի համար վերանայվել է առաջին եռամսյակի 0.7 տոկոսից մինչև -4.0 տոկոս: Միաժամանակ, հիմնական գործոնը, որը կպայմանավորի վերականգնման հեռանկարները բնականաբար, առողջապահական իրավիճակն է աշխարհում և Հայաստանում», - ասաց Գալստյանը:

Նրա խոսքով, ապագայի վերաբերյալ բարձր անորոշությունը զգալի ազդեցություն է ունենում մարդկանց և կազմակերպությունների վարքագծի վրա՝ հանգեցնելով սպառման և ներդրումների կրճատմանը, ինչը լրացուցիչ զսպող ազդեցություն է ունենում համախառն պահանջարկի վրա:

Արդյունքում, կարծում է նա, չնայած գնաճի ընթացիկ մակարդակը համահունչ է առաջին եռամսյակի կանխատեսումներին, սակայն կանխատեսվում է, որ համախառն պահանջարկը կմնա թույլ, նույնիսկ խթանող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում, իսկ գնաճը տարեվերջին կկազմի 1.9 տոկոս:

«Միաժամանակ Կենտրոնական բանկի Խորհուրդը, գնահատելով որ գնաճային սպասումները բավականին խարսխված են, իսկ փողի շուկայում շարունակել են նվազել ռիսկերը, նպատակահարմար գտավ ավելի մեծ քայլով նվազեցնել տոկոսադրույքը՝ մինչև 4.5 տոկոս և գտնում է, որ անհրաժեշտ կլինի միջնաժամկետում շարունակել վարել խթանող դրամավարկային քաղաքականություն՝ կանխատեսվող հորիզոնում գնաճը աստիճանաբար թիրախին վերադարձնելու նպատակով», - նշում է Գալաստյանը:

Ռիսկերը բազային սցենարի շուրջ հիմնականում նվազման ուղղությամբ են։ Հնարավոր պատճառները, ըստ ԿԲ նախագահի, կարող են լինել.

- Աշխարհում և Հայաստանում համավարակի ավելի դանդաղ հաղթահարումը
- Հակահամավարակային խստացնող լրացուցիչ միջոցառումների կիրառումը
- Սպառողական պահանջարկի կառուցվածքի փոփոխությունները
- Արտադրական շղթաների խաթարումը
- Անորոշության պահպանումը
- Աշխատուժի կարողությունների կորուստը
- և այլն:

«Հենց այս նպատակով հաշվետվության մեջ ներկայացված են նաև երկու այլընտրանքային սցենարներ, որոնք նկարագրում են Հայաստանում և արտաքին աշխարհում համավարակի հնարավոր անբարենպաստ զարգացումները: Չնայած այս սցենարները չեն ներառում հարկաբյուջետային քաղաքականության արձագանք, սակայն ակնհայտ է, որ կունենան ավելի մեծ գնանկումային ազդեցություն և կարող են պահանջել ավելի խթանող դրամավարկային քաղաքականության իրականացում», - ասաց նա:

ԿԲ-ն, հաշվի առնելով գլոբալ բացասական միտումները և ՀՀ-ում վերակնգնման դանդաղող տեմպերը, Գալստյանի խոսքով, առաջիկայում տնտեսական ակտիվության որոշակի վատթարացում տեղի ունենալու է, սակայն, ըստ նրա, ժամանակից առաջ պետք չէ ընկնել:

Համաձայն ԿԲ-ի ներկայացրած բազային սցենարի, ինչպես նկատեց Մարտին Գալստյանը, 2021-ին, ակնկալվում է 5,5% տնտեսական աճ:

Հատկանշական է, որ 2020-ի համար ՀՀ կառավարության և ԿԲ-ի կանխատեսումները տարբերվում են: Հայաստանի կառավարությունը 2020-ի համար կանխատեսում է 2% անկում, իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 3,5% անկում։

  • Կիսվել: