հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԲ-ն արտարժութային շուկան ցնցումներից ապահովելու համար ունի բազմաշերտ գործիքակազմ. Արթուր Ստեփանյան

ԿԲ-ն արտարժութային շուկան ցնցումներից ապահովելու համար ունի բազմաշերտ գործիքակազմ. Արթուր Ստեփանյան

ՀՀ կենտրոնական բանկն ունի բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ՝ արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից ապահովելու համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

Նա միաժամանակ հույս հայտնեց, որ արտարժութային շուկայում այս պահին ցնցումներ տեղի չեն ունենա. «Ուզում եմ հիշեցնել 2014 թ-ի դեկտեմբերը, երբ ԿԲ-ն հաջողությամբ դուրս եկավ ավելի վատ իրավիճակից, քան այսօր է»։

Հարցին, թե ինչպես կազդի ռուբլու արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա, Արթուր Ստեփանյանը պատասխանեց. «Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունենք բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք ապահովել նաև արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից: Երբ անցանկալի զարգացումներ լինեն, տատանողականության մեծացում լինի, մենք համարժեք գործողություններ կիրականացնենք շուկայում։ Կարծում եմ՝ ինչպես 2014-ի դեկետմբերին, այնպես էլ հիմա կհաջողվի արտարժութային շուկան պահել շատ հանգիստ վիճակում»,- նշեց Արթուր Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկմանը, ԿԲ ներկայացուցիչն ասաց, որ մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին այսօր համարվում է երկրորդ տատանողական արժույթն աշխարհում, ինչը կապված է ոչ միայն առողջապահական խնդիրների, այլ նաև նավթի գների տատանողականության հետ:

«ՌԴ-ի ԿԲ-ն, կառավարությունն այսօր տարբեր գործողություններ են իրականացնում, որ շուկաները հանգստացնեն: Անորոշության մասը շատ մեծ է այս առումով, որևէ մեկն այս պահին չի կարողանում հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն ռուսական արժույթի հետ կապված: Այդ տատանողականության վերացման մասին այս պահին որևէ մեկը չի կարող խոսել: Բնականաբար, մենք ևս մշտապես հետևում ենք, թե Ռուսաստանում ինչ է տեղի ունենում: Կարծում եմ, որ մեր քաղաքականությունն այնպիսին է լինելու, որ հավասարակշռենք գների կայունությունը, ֆինանսական կայունությունը, և դրանք հավասարակշռենք մեր տնտեսական ակտիվության պահպանման հետ»,- ընդգծեց Արթուր Ստեփանյանը։

 

  • Կիսվել: