հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԲ-ն անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգը կապահովի համապատասխան իրացվելիությամբ

ԿԲ-ն անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգը կապահովի համապատասխան իրացվելիությամբ

«2019 թ-ին ֆինանսական տարին հաջող էր, և բավականին լավ տեմպերով սկսվել էր 2020 թվականը՝ մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ դեռ նախքան կորոնավիրուսը ֆինանսական համակարգի համար կային բավականին լավ հիմքեր, որպեսզի համակարգը փորձի բազմաթիվ քայլերի միջոցով օգնել տնտեսությանը, հաճախորդներին ՝ գլուխ բերելու կորոնավիրուսային ճգնաժամը:

«Դեռևս մարտի սկզբից ԿԲ-ն ֆինանսական համակարգի հետ սկսել է գրեթե ամենօրյա շփումներ ու քննարկումներ՝ հնարավոր քայլերի ուղղությամբ, որպեսզի օգնենք մեղմելու ճգնաժամի ազդեցությունը: Բանկերի ու Բանկերի միության կողմից հայտարարություն տարածվեց, որ բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները պատրաստ են աշխատելու անհատական մոտեցմամբ՝ վերանայելով հաճախորդների վարկերի պայմանները, իրականացնելով ժամկետների երկարաձգում և այլն, որպեսզի հաճախորդները չունենան խնդիրներ իրենց պարտավորությունների սպասարկման հետ կապված»,- նշեց Անդրանիկ Գրիգորյանը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, որպեսզի էլ ավելի խթանվի տնտեսության ֆինանսավորումը բանկերի կողմից, ԿԲ-ն նվազեցրել է նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը կամ քաղաքականության տոկոսադրույքը՝ 0,25 տոկոսային կետով:

Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ որոշ երկրներում նման քայլը դիտարկվում է ոչ սպասված, սակայն իրենք գնացին այդ քայլին՝ նպատակ ունենալով խթանելու տնտեսական ակտիվությունը, որպեսզի սպասվող ճգնաժամը չունենա շատ ավելի խորը հետևանքներ տնտեսության վրա։ Իհարկե, ըստ նրա, շատ երկրներ այսօր նույնպես գնացել են այդ քայլին։

ԿԲ ներկայացուցիչը նշեց նաև, որ Հայաստանի ֆինանսական համակարգը բավականին իրացվելի է, պատրաստ է ցանկացած պահի սպասարկել տնտեսությանը, այդուհանդերձ, այսօր էլ հայտարարում են, որ Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում համակարգը կապահովի համապատասխան իրացվելիությամբ:

 

  • Կիսվել: