հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey 2022 Բիզնես խնդիրների լուծման մրցույթի եզրափակիչ միջոցառումը

ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey 2022 Բիզնես խնդիրների լուծման մրցույթի եզրափակիչ միջոցառումը

Նոյեմբերի 17-18-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey 2022 Բիզնես խնդիրների լուծման մրցույթի եզրափակիչ միջոցառումը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ելույթում կարևորեց իրական բիզնես խնդիրների վրա հիմնված ուսուցումը՝ ընդգծելով նմանատիպ նախաձեռնություններին աջակցություն ցուցաբերելու Կենտրոնական բանկի պատրաստակամությունը։

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Չիպ Լեյտինենը և ՄԱԶԾ Հայաստանի ներկայացուցիչ Վահան Ասատրյանը։

Օրվա ընթացքում մասնակիցները ներկա գտնվեցին Էլեկտրոնային կառավարման թեմայով պանելային քննարկմանը, որի բանախոսներն էին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Անետա Բաբայանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը, «Թվային Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուրեն Քրմոյանը և «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր Արամ Օրբելյանը։

Ի՞նչ Է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը: Ուսանողական թիմերը ողջ տարվա ընթացքում մասնակցել են թրեյնինգների և սովորել են, թե ինչպես լուծել իրական բիզնեսների խնդիրները: Վերջին վեց ամիսների ընթացքում մրցույթում ներգրավվել է ավելի քան 500 ուսանող, 15 բանախոս, 30 մարզիչ, 15 ԲՈՒՀ-եր և կրթական կենտրոններ, ինչպես նաև մի շարք ձեռնարկություններ՝ տարբեր ոլորտներից: Մինչև եզրափակիչ միջոցառումը, այս տարի մասնակիցներն արդեն լուծել են հանրային կարևորության երեք խնդիր՝

Ստեփանավան համայնքի զարգացման ռազմավարություն (լավագույն 2 լուծումներ առաջարկող թիմերը ստացել են կրթաթոշակներ` իրենց առաջարկները գաղափարներից ներդրումային ծրագրի վերածելու համար):

Երևան քաղաքում էլեկտրական սկուտեռների կարգավորման կոնցեպտի մշակում (մրցույթից հետո մասնակիցները ներկայացրել են իրենց լուծումները ՀՀ Ազգային ժողովում համապատասխան հանձնախմբի լսումների ժամանակ)։

Արմաթ ինժեներական լաբորատորիաների միջազգայնացման ռազմավարություն (ներկայումս CaseKey մասնակիցների և ԱՏՁՄ թիմի հետ ստեղծվում է աշխատանքային խումբ` արտահանման ռազմավարության լրամշակման և իրագործման համար):

Եզրափակիչ միջոցառման ընթացքում թիմերը ներկայացրեցին Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գործակալության (EKENG) կողմից առաջադրված e-citizen.am հարթակի հանրայնացման խնդրի լուծման իրենց տարբերակները։

Մրցույթի արդյունքում 11 թիմերից լավագույն 2 ճանաչվեցին A-Team-ը և SuperNova-ն, որոնցից էլ չեմպիոն հռչակվեց SuperNova թիմը։

Նշենք նաև, որ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում իր մասնակցությունն է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի թիմը։

Հիշեցնենք, որ մրցույթի լավագույն մասնակիցներից կձևավորվի թիմ, որը 2023թ-ին կմեկնի ԱՄՆ և կներկայացնի Հայաստանը բիզնես խնդիրների լուծման հեղինակավոր մրցույթում:

  • Կիսվել: