շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կազինոները նախագծով վերահսկվելո՞ւ են․ իրենց հաճախորդներին ասում են՝ «արխային, «տակից» կխաղաք». ՔՊ պատգամավոր

Կազինոները նախագծով վերահսկվելո՞ւ են․ իրենց հաճախորդներին ասում են՝ «արխային, «տակից» կխաղաք». ՔՊ պատգամավոր

Կազինոների վերահսկողությունն ինչպե՞ս է կատարվելու. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հարցրեց ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

«Օնլայն խաղերի հարթակում լիցքավորումը ևս օնլայն է, բայց կազինոներ մարդը ֆիզիկապես է գնում և այսպիսի խոսակցության կա, որ կազինոներն ասում են իրենց մշտական հաճախորդներին՝ արխային եղեք, մենք ձեզ հնարավորություն կտանք «տակից» խաղալու», - «Վիճակախաղերի մասին» օրենքում, ինչպես նաև  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց նա։  

Նշենք, որ նախագծով նախատեսվում է անձի նույնականացում, ըստ որի՝ անձը միայն իր քարտով պետք է խաղադրույք անի։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը պատասխանեց, որ դա ենթադրում է քրեական պատասխանատվություն՝ ապօրինի խաղային գործունեություն կազմակերպելու համար։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ ՀՀ-ում ներկայումս 5 խաղատուն է գործում, որից 4-ը՝ Ծաղկաձորում, մեկը՝ Երևանի մատույցներում։

«Ոլորտին ուշադիր ենք, ՊԵԿ-ը բավական մեծ նախագծերի փաթեթ է շրջանառել, ըստ որի, լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կդնի խաղատների վրա, որպեսզի պետությունը օնլայն վերահսկի ինչ է կատարվում խաղատներում։ Եթե նման տեխնիկական լուծում տա, վերահսկողության մակարդակը կբարձրանա։ Նման քայլերը  հիմք կդառնան, որ եթե մարդն իր սև փողն ուզում է լվանալ խաղատան միջոցով՝ խաղատունը չուզենա՝ նա իր մոտ գա, որովհետև ինքը էլի վերահսկողության տակ է  լինելու», - ասաց նա։

Փոխնախարարը համաձայնեց՝ պրակտիկայում պարզ է, մասնավորը կրեատիվ է ու ամեն ինչ կարող է շրջանցել։ «Բայց պետք է փորձենք դեմն առնել, ՊԵԿ-ն ուշադիր է», - ասաց նա։

  • Կիսվել: