ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կառավարությունը շուրջ 571 մլն դրամ է փոխանցել ԱԱԾ–ին

Կառավարությունը շուրջ 571 մլն դրամ է փոխանցել ԱԱԾ–ին

Ազգային անվտանգության ծառայությանը, Կառավարության որոշմամբ, 570 մլն 978 հազար 557 դրամ է փոխանցվել։ Կառավարությունն այս որոշումն ընդունել է  գործադիրի երեկվա նիստում։ Այն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ 2020թ.–ի 44–օրյա ռազմական գործողությունների հետեւանքով, ԱԱԾ սահմանապահ զորքերի համապատասխան զորամասը տեղակայվել է Հայաստանի հարավային սահմաններում, ինչի հետեւանքով ի հայտ են եկել մի շարք կարեւորագույն խնդիրներ:

«ՀՀ պետական սահմանի վերոնշյալ հատվածի պահպանությունը պատշաճ իրականցնելու, ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նոր համալրվող զինծառայողներին ապահովել սննդի, կեցության եւ այլ նվազագույն պայմաններով: Բացի այդ, ներկայիս իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել որոշակի աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական շփման գծի համապա¬տաս¬խան հատվածում, ինչը թույլ կտա ամրապնդել սահմանային վերահսկողության համակարգը: Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ առաջ են եկել որոշակի չնախատեսված ֆինանսական ծախսեր, որոնք հնարավոր չէր նախատեսել ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2021 թվականի պետական բյուջեի հայտի կազման ժամանակ»,– ասվում է հիմնավորման մեջ։

Նախագծով առաջարկվում է ԱԱԾ  2021 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների տնտեսումները՝ 209,229,135.95 դրամն ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ, այնուհետեւ Կառավարության պահուստային ֆոնդից ԱԱԾ  վերոհիշյալ տնտեսումները, ինչպես նաեւ լրացուցիչ 361,749,422.05 դրամ գումար հատկացնել ԱԱԾ–ին՝ բնականոն գործունեության համար համապատասխան ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով:

ԱԱԾ–ն ակնկալում է, որ 570, 978, 557 դրամ հատկացնելու դեպքում, առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջեւ դրված խնդիրների լուծման աշխատանքները:

  • Կիսվել: