ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն. Փաշինյան

Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն. Փաշինյան

Փետրվարի 28-ին Ազգային ժողով է ներկայացվել Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց:

Այսօրվա ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զեկույցի խորհրդարանական քննարկումներից առաջ անհրաժեշտ է համարել նախորդ տարվա արդյունքների և խնդիրների, ինչպես նաև արտաքին և ներքին քաղաքական ընթացիկ վիճակի մասին հարցուպատասխանի ժանրով խոսելը:

Վարչապետի խոսքով՝ 2022 թվականի արդյունքներով Կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը:

«Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի և միջազգային և անվտանգության ոլորտներում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածությունները ավելի են սրում Հայաստանի արտաքին անվտանգության սպառնալիքները:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, ԼՂ հիմնախնդրի կարգավորված չլինելը, ադրբեջանական զինուժի ներխուժումները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումների դադարեցումները և դրանց հետևանքով ԼՂ-ում ծայր առած հումանիտար, էներգետիկ և բնապահպանական ճգնաժամերը ՀՀ կառավարությանը թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին։

Վարչապետը նկատեց, սակայն, որ 2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի։ «Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման և հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն։ Արդյունքում, 2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարիների համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճով»,- ասաց նա։

Վարչապետը ներկայացրեց, որ 2022 թվականին պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավել է 768 միլիարդ դրամով կամ 2 միլիարդ 20 միլիոն ԱՄՆ դոլարով կամ 66,3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ 670 միլիարդ դրամով կամ 1 միլիարդ 820 մլն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով։

Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է վարել բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ «Այսուհանդերձ, չլուծված է մնում առանցքային խնդիրը՝ ՀՀ արտաքին անվտանգության երաշխավորումը։ Մեր գնահատականն այն է, որ այս հարցին մեկ քայլանոց լուծում գոյություն չունի։ Այս հարցի լուծման համար անհրաժեշտ է միջազգային, տարածաշրջանային, ռազմաքաղաքական, ներքաղաքական իրադրության խորը վերլուծություն ու դրանից բխող քայլեր։ Կառավարությունը որդեգրել է հենց այս քաղաքականությունն ու գործելակերպը՝ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակը երկրի համար առաջ է բերում լրջագույն սպառնալիքներ ու լրջագույն հնարավորություններ։ Մեր խնդիրն է, ըստ այդմ, կառավարել սպառնալիքները և օգտագործել հնարավորությունները»,- նշեց վարչապետը։

  • Կիսվել: