շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կառավարությունը մոտ 10 մլրդ դրամ կհատկացնի քաղաքային նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման համար

Կառավարությունը մոտ 10 մլրդ դրամ կհատկացնի քաղաքային նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման համար

Քաղաքային նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացմամբ պայմանավորված՝ կառավարությունը մոտ 10 մլրդ դրամ կհատկացնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Մասնավորապես, ՀՀ 2023 թ. պետբյուջեից ներգրավվող ֆինանսական միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել Շենգավիթ վարչական շրջանի հ. 140, Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ. 41 և Նոր Նորք վարչական շրջանի հ.105 մսուր-մանկապարտեզները, ինչպես նաև բարեկարգել Աջափնյակ վարչական շրջանի հ.48 և Էրեբունի վարչական շրջանի հ.71 մսուր-մանկապարտեզների բակային տարածքները: Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման և շրջակա տարածքի բարեկարգման նախագիծը կստեղծի Կենտրոն վարչական շրջանում նոր մշակութային և հանգստյան գոտի, որը կհաղորդի Երևան քաղաքին ճարտարապետական և զբոսաշրջային նոր շունչ:

 

Նախատեսվում է հիմնանորոգել Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական և Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգիները: Կարևորելով Երևան քաղաքի պոլիկլինիկաների կողմից մատուցվող առողջապահական ծառայությունները և դրանց որակական բարձրացումը՝ նախատեսվում է հիմնանորոգել Արաբկիր վարչական շրջանի հ.11 պոլիկլինիկան և Կիլիկիա թաղամասում գտնվող հ. 8 պոլիկլինիկայի մասնաշենքը: Նախատեսվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասում, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան-Հովսեփյան փողոցների խաչմերուկը ընկած հատվածում կառուցել կոյուղատար համակարգ, որտեղ դրա բացակայության պատճառով տեղի բնակիչները և դպրոցի շահառուները բախվում են մի շարք կենցաղային խնդիրների: Նոր Խարբերդ թաղամասի գազատարի կառուցման առաջին փուլով նախատեսվում է կառուցել շուրջ 10,6 կմ երկարությամբ գազատար։ Այս փուլում նախատեսվում է նաև կառուցել գազաբաշխիչ կայան (ԳԲԿ), որը գտնվելու է Մասիս խոշորացված համայնքի տարածքում:

 

Կառուցման համար արդեն նախատեսված է 480քմ արտադրական նշանակության հողամաս։ Նախատեսվում է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շահագործման ոչ պիտանի վերելակները փոխարինել 473 նոր վերելակներով, որն էապես կնպաստի Երևան քաղաքի ընդամենը փոխարինման ենթակա վերելակների թվի կրճատմանը: Նախատեսվում է կառուցել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհ, որի երկարությունը կկազմի շուրջ 1381 մ: Երևան քաղաքում փողոցների միջին նորոգման աշխատանքներ են իրականացվելու Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն քննարկվել է երկար ժամանակ.

«Տեղյակ եք՝ մարզերում իրականացնում ենք տարբեր պետական, այդ թվում սուբվենցիոն ծրագրեր: Ընդ որում, հիմա այդ ներդրումների ծավալները բավականին տպավորիչ են. Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում արձանագրեցի, որ միայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 2018թ.-ից մինչև օրս Վայոց ձորում ներդրել ենք 35 մլրդ դրամ: Դա ահռելի գումար է, և կարծում եմ՝ ընդհանրապես մենք այս վիճակագրությունը՝ 2022թ. արդյունքներով բոլոր պետական ծրագրերը և սուբվենցիոն ծրագրերը, ներդրումները ըստ մարզերի կենտրոնացնենք, որպեսզի նաև վիզուալ տեսնենք: 2019, 2020 թվականներից սկսած Երևանի մեր գործընկերները բարձրացնում էին այն հարցը, որ Երևան քաղաքը սուբվենցիոն ծրագրերից չի օգտվում, մենք շատ դեպքերում նաև պետական ուղիղ ֆինանսավորմամբ չենք իրականացնում ներդրումներ: Քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ այս պարագայում տեսնենք, թե ինչ կարևոր ծրագրեր կան, որոնք նաև մեր քաղաքական հանձնառությունն են, փորձենք դրանք հերթով իրականացնել: Եվ ահա շուրջ մեկ տարի քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, թե որ ծրագրերը պիտի իրականացվեն»:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

  • Կիսվել: