ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը միանգամից երեք ընկերությունների ազատել է ներմուծման մաքսատուրքից

Կառավարությունը միանգամից երեք ընկերությունների ազատել է ներմուծման մաքսատուրքից

Կառավարության որոշմամբ երեք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքից: Այդ արտոնության դիմաց ընկերությունները կատարելու են շուրջ 4 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ` տեխնոլոգիական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

Կառավարության փետրվարի 23-ի որոշմամբ «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ն, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ հիմնելու համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3․2 մլրդ դրամի կապիտալ ներդրում, որի արդյունքում կստեղծվի 40-50 նոր աշխատատեղ` մինչև 204 հազ․ դրամ միջին աշխատավարձով։

Գործադիրն այսօր որոշել է «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ն ազատվել է գերակա ոլորտում՝ պտուտակավոր (Twist Off) կափարիչների տեսականու, ինչպես նաև թիթեղյա տարաների արտադրության համար տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 380 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Կառավարության որոշման մեջ նվշումէ , որ ներդրամն արդյունքում կստեղծվի 22 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։

Կառավարության որոշմամբ «ԷԼՄԱ ՇՈՒԶ» ՍՊԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է կոշիկի արտադրության համար (ք․ Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 340 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

  • Կիսվել: