հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կառավարությունը հավանություն տվեց 2021-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

Կառավարությունը հավանություն տվեց 2021-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ներկայացրեց հաշվետվության բովանդակությունը և այն առանձահատկությունները, որոնք եղել են 2021 թվականին:

«Կարևոր է արձանագրել, որ 2021 թվականը մեկնարկեց լարված ֆինանսատնտեսական միջավայրով, ինչը պայմանավորված էր Արցախի պատերազմի հարուցած սոցիալական, հոգեբանական անվտանգային, քաղաքական որոշակի ճգնաժամերով, ինչպես նաև քովիդի համավարակով ի հայտ եկած սոցիալ-տնտեսական անորոշություններով: Այս իրավիճակում 2021 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և հնարավորինս չեզոք հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում նպատակադրված էր կապիտալ ծախսերի կատարողականի բաձրացման ճանապարհով հասնել տնտեսական ներուժի վերականգմանը՝ զուգահեռաբար ապահովելով կառավարության պարտքի կայունությունը»,-ասաց ֆինանսների փոխնախարարը՝ նշելով, որ իրականացված հարկաբյուջետային դրամավարկային և տնտեսական քաղաքականությունների համադրման արդյունքում 21 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 5,7 տոկոս՝ տարասկզբի կանխատեսվող 3,2 տոկոսի դիմաց: «Նշված տնտեսական հնարավորությունների և հարկային, մաքսային քաղաքականությունների և վարչարարությունների արդյունքում հնարավոր եղավ բարելավել հարկային եկամուտների հավաքման մակարդակը՝ գերակատարելով հարկային եկամուտների և տուրքերի պլանը շուրջ 147 մլրդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ աճեցնելով 14,5 տոկոսով: Դրա արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ բարելավվեց 0,3 տոկոսային կետով, և 21 թվականին արձանագրեցինք պատմական ամենաբարձր՝ 22,7 տոկոս հարկեր-ՀՆԱ մակարդակը»,- ասաց Արմեն Հայրապետյանը:

Նա տեղեկացրեց, որ 2021 թվականի ընթացքում Կառավարության պարտքը նվազել է շուրջ 3,2 տոկոսային կետ՝ հասնելով 60,3 տոկոս մակարդակի:

«Այս մակարդակը վերադարձրեց կառավարության վստահությունն ավելի ապահով պարտքի կառավարման միջակայք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ 2021 թվականին հնարավոր է եղել ժամանակին և ամբողջությամբ իրականացնել օրենքով նախատեսված ծախսերը, և նախատեսվածից մոտ 153 միլիարդ դրամով ավելի է ծախսվել:

Ֆինանսների փոխնախարարն ընդգծեց, որ 2021 թ. ծախսային քաղաքականության առաջնային նպատակներն են եղել նպաստել տնտեսական վերականգմանը, հասնել քովիդի համավարակի և Արցախյան պատերազմի հետևանքների էական մեղմմանը: Այս ուղղությամբ 2021 թ. Կառավարության կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ տարեկան պլանի նկատմամբ կատարվելով 100 տոկոսով. և կազմելով 216 մլրդ դրամ. արդյունքում նախորդ տարվա նկատմամբ արձանագրվել է մոտ 21,4 տոկոսային կետով կատարողականի բարելավում:

Քովիդի համավարակի և Արցախյան պատերազմի հետևանքների էական մեղմանն ուղղված ծավալը կազմել է 54,6 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի մեջ՝ 0,8 տոկոս:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, որ 2022 թվականի բյուջեի ծախսերը և եկամուտները հսկայական չափով ավելացվել են:

«Հունվար փետրվար ամսին աշխարհաքաղաքական իրադարձությունների բերումով մենք որոշակի անհանգստացնող միտումների առերեսվեցինք, բայց ես ուզում եմ ասել նաև, որ մեր լավատեսությունը զգուշորեն վերականգնելու համար շատ կոնկրետ հիմքեր կան, ուզում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ շարունակում ենք ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման պլանով»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ 2022 թվականին մարտ ամսվա համար վճարվող աշխատատեղերի առումով ռեկորդ է գրանցվել:

«2022 թվականի մարտ ամսվա համար արձանագրել ենք 654 784 վճարվող աշխատատեղ. ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ այս վիճակագրության մեջ մենք հաշվի ենք միայն այն աշխատատեղերը, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ, և վճարվել է եկամտային հարկ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: