հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի հետ կնքած համաձայնագրի նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի հետ կնքած համաձայնագրի նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել 2023 թ. մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Նոր hամաձայնագրով ընդլայնվում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։ Այն կնպաստի անվտանգության հարցերով առաջադեմ փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։

Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։

  • Կիսվել: