շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունը հավանության է տվել ԱՄՀ-ի բյուջետային միջոցները ներգրավելու առաջարկությանը

Կառավարությունը հավանության է տվել ԱՄՀ-ի բյուջետային միջոցները ներգրավելու առաջարկությանը

Կառավարությունը հավանության է տվել Հայաստանի Հանրապետության և արժույթի միջազգային հիմնադրամի միջև «պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-byArrangement)` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Ծրագրի երկրորդ վերանայման շրջանակներում ԱՄՀ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ ծրագրի նպատակայնությունը փոխելու և Պահուստային ծրագրի ներքո հասանելի միջոցները օգտագործելու նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով, ինչպես նաև ԱՄՀ արագ ֆինանսավորման գործիքի (RapidFinancingInstrument) շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար)  ներգրավելու ուղղությամբ:
 
Արդյունքում, 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության և ԱՄՀ-ի միջև ստորագրվել է «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը, որով հասանելի են դարձել ընդհանուր առմամբ շուրջ 231.656 մլն ՀՓԻ (315 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ:

2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին տեղի են ունեցել Պահուստային ծրագրի չորրորդ և հինգերորդ համատեղ վերանայումները, որոնց արդյունքներով հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ բյուջետային միջոցներ: Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը 2021թ. նոյեմբերի 19-ին «Մտադրությունների նամակ»-ով դիմել է ԱՄՀ-ին՝ հասանելի միջոցները որպես բյուջետային աջակցություն ներգրավելու նպատակով:

Վերոնշյալ միջոցների մասհանման համար նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և ԱՄՀ-ի միջև «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի ստորագրում, ինչպես դա իրականացվել է 2020 թվականին:

Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրով ստացվելիք վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում և վարկն ուղղվելու է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը` նամակ-համաձայնագրի ստորագրումը փոխկապակցված է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հետ:

 

  • Կիսվել: