երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կառավարությունն էլ ունի մեծ անելիք, որ մարդիկ կարողանան իրենց հմտություններին համապատասխան եւ լավ վարձատրվող աշխատանք գտնել․ Քերոբյան

Կառավարությունն էլ ունի մեծ անելիք, որ մարդիկ կարողանան իրենց հմտություններին համապատասխան եւ լավ վարձատրվող աշխատանք գտնել․ Քերոբյան

Կա մեծ խզում մարդկանց ունակությունների և ցանկությունների մի կողմից, և  շուկայի պահանջների միջև՝ մյուս կողմից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով իր  գրառումներից մեկին, որտեղ նշել էր, որ կան աշխատատեղեր, բայց մարդիկ, որոնք աշխատանք չունեն, չեն ցանկանում այդ աշխատանքը կատարել:

Նախարարը մասնավորապես ընդգծեց․ «Ես պետք է խոստովանեմ, որ կառավարությունն էլ ունի մեծ անելիք, որպեսզի մոտեցնի պահանջարկն ու առաջարկը իրար, որ մարդիկ կարողանան իրենց հմտություններին համապատասխան եւ լավ վարձատրվող աշխատանք գտնել: Այստեղ խնդիրները շատ են, բայց ես նաև գիտեմ, որ շատ բան կախված է հենց մարդկանցից»:

Քերոբյանը նշեց, որ կարող է օրինակներով խոսել․ «Եղավ մի դեպք, երբ մի մարդ մի գյուղից ինձ խնդրեց ընտանի կենդանիներով օգնել իրեն, որ կարողանա ընտանիքը պահել: Էլի պատահաբար դրանից մի քանի օր առաջ ինձ դիմել էր մի գործարար, որը խոշոր անասնապահությամբ է զբաղվում, էլի նույն ռեգիոնում: Ես ասացի՝ ինչո՞ւ ես դու քո համար մի քանի անասուն պահում, կարող ես գնալ, աշխատել այս մարդու մոտ, լավ վաստակել: Ու այդ մարդը կորավ»:

Նախարարը նշեց նաև, որ իր բերած օրինակներն ավելի շատ օրինաչափություն են, քան բացառություն. «Դա ցույց է տալիս, որ մենք որպես ազգ պետք է կրթվենք եւ աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքը կտրուկ փոխենք: Միշտ կարելի է սկսել դժվար ու ցածր վարձատրվող աշխատանքից, եւ հետո լավ աշխատանքի արդյունքում զարգանալ, ունակությունները զարգացնել և  ստանալ ավելի բարձր աշխատավարձ»:

  • Կիսվել: