հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ», փոխարենը հատկացվող գումարներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԲ նախարար Արսեն Թորոսյանը:

«Միշտ օդում կախված կար «թաղման նպաստի» հասցեականության հարցը, մենք որոշել ենք այդ գումարներն ուղղել կենսաթոշակառուներին՝ պահպանելով որոշակի խմբի համար, որոնք ավելի մեծ կարիք կունենան այդ ծախսերը հոգալու: Խոսքն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիներին է վերաբերում»,- ասաց Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը նշեց՝ փոփոխությունը նախատեսվում է գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից: «Թաղման նպաստի» չեղարկման արդյունքում խնայված միջոցներին կավելացվի ևս 5.5 մլրդ դրամ՝ կենսաթոշակները բարձրացնելու համար:

«Կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46 հազար դրամ է, կդառնա 47 հազար դրամ, աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա, կբարձրանա զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը»,- նշեց նախարարը:

Գործող օրենքով՝ «Թաղման նպաստը» 200 հազար դրամ է, այն տրամադրվում է թոշակառուի կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում:

 

  • Կիսվել: