ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Որոտանի ՀԷԿ-ի լուծարման հարցը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Որոտանի ՀԷԿ-ի լուծարման հարցը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև «Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին հարցը։

Ըստ նախագծի՝ ընկերության լուծարումից հետո առկա ֆինանսական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդ, իսկ ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծվելու է լուծարման հանձնաժողով։

Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը տնօրինում է Պաշտպանության նախարարությունը։

Ընկերությունը էլեկտրաէներգիայի արտադրություն ներկայումս չի իրականացնում, ավելին, ընկերության ամբողջ անշարժ և շարժական գույքն օտարվել է ՀՀ կառավարության 22.04.2015թ. թիվ 430-Ա որոշմամբ, իսկ աշխատողների թիվը կազմում է թվով 3-ը:

Ընկերությունն ունի հավաքագրման ենթակա 14,343,381.2 հազ. դրամ դեբիտորական պարտք։

15.09.2021թ. դրությամբ ընկերության դրամական միջոցները կազմել են 2,805,547.9 հազ. դրամ, այդ թվում 1,067.9 հազ. դրամ հաշվարկային հաշվում, 1,051,280.0 հազ. դրամը ավանդադրված են՝ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում՝ 1.440.000 ԱՄՆ դոլարի տեսքով և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում՝ 350,000.0 հազ. դրամ: Վարչապետի հանձնարարականով ընկերության 09.12.2021թ. դրությամբ ավանդադրված միջոցները փոխանցվել են պետական բյուջե:

  • Կիսվել: