կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կառավարության պարտքի մարման և սպասարկման համար 2020-ին կպահանջվի 448.7 մլրդ դրամ

Կառավարության պարտքի մարման և սպասարկման համար 2020-ին կպահանջվի 448.7 մլրդ դրամ

Ֆինանսների նախարարությունում այսօր ֆինանսական շուկայի մասնակիցների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ներկայացվել է 2020 թվականի փոխառությունների ծրագիրը:

Բացման խոսքում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է. «Բոլորիս շահերից է բխում ցուցաբերել կանխատեսելի վարքագիծ և առավելագույնս զերծ մնալ մեր երկարաժամկետ հարաբերություններում իրավիճակային շահեր փնտրելուց»:

ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը տեղեկացրել է, որ 2020 թ. փոխառությունների ծրագիրը մշակվել է կառավարության 2020-2022 թվականների պարտքի կառավարման ռազմավարական ծրագրով նախանշված նպատակադրումներին, ուղենիշներին համապատասխան:

Այսպես՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2020 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կկազմի 3,419 մլրդ դրամ (7,177 մլն ԱՄՆ դոլար) և 2019 թվականի տարեվերջի համեմատությամբ կաճի 162 մլրդ դրամով (341 մլն ԱՄՆ դոլարով):

2020 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 448.7 մլրդ դրամ, որից 280.6 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 168.0 մլրդ դրամը՝ տոկոսավճարները:

2020թ. կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կկազմի 5.2% և կառավարության պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 2.4%-ը:

ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանն ասել է. «2020 թվականին բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել առանց բյուջետային աջակցության վարկերի ներգրավման, ինչը կարելի է ասել, վերջին տարիներին նորություն է բյուջեի համար: Նոր վարկային համաձայնագրի ստորագրում 2020-ի բյուջեով նախատեսված չէ»:

Նշենք, որ արտարժութային պետական պարտատոմսերի գծով նախատեսվում է իրականացնել միայն 2020 թվականի սեպտեմբերի 30-ին մարման ենթակա պարտատոմսերի մարումը` 46.5 մլրդ դրամ (97.7 մլն ԱՄՆ դոլար), որի համար հիմնականում կօգտագործվի 2019 թվականին արտարժութային պարտատոմսերի գծով կատարված գործառնությունների արդյունքում ձևավորված միջոցները։

Արտարժութային պետական պարտատոմսերի գծով պարտքի մնացորդը չի ավելացվի ՝ պահպանելով այն 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով ևշրջանառության մեջ ունենալով երկու ուղենշային թողարկում, որոնք ենթակա են մարման 2025 ու 2029 թթ.

  • Կիսվել: