հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կապահովվի Հայրենադարձության ինտեգրման կենտրոնի գործունեությունը

Կապահովվի Հայրենադարձության ինտեգրման կենտրոնի գործունեությունը

Կառավարությունն ընդունել է «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշում: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է հայրենադարձության ոլորտում պետական քաղաքականության միասնականության ապահովման և հայրենադարձված ու հայրենադարձվել ցանկացող հայրենակիցներին «մեկ պատուհանի սկզբունքով» մատչելի, որակյալ և օպերատիվ ծառայություններ մատուցելու ունակ ինտեգրման կենտրոնին անհրաժեշտ գնման գործընթաց կազմակերպելու առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ:

Ըստ հիմնավորման՝ Հայրենադարձության ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանում, կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների ինտեգրման համար, որով էականորեն կբարելավվեն ողջ գործընթացի հասանելիությունն ու արդյունավետությունը:

Ներկայում ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր կադրային սակավ ռեսուրսերով իրականացնում է հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման հետ կապված աշխատանքը, ինչը բավարար չէ հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծման համար:

Անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, մասնավորապես համապատասխան պայմաններին բավարարող կենտրոն, որը կտրամադրի անհատականացված ծառայություններ սփյուռքի հայության շրջանում տարածում ունեցող գերակա լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, և արևմտահայերեն, խորհրդատվություն և գործնական աջակցություն հայրենադարձներին հետևյալ ոլորտներում՝ փաստաթղթավորման, անձնական գույքի և բիզնեսի տեղափոխության, առողջապահական, կրթամշակութային, սոցիալ-տնտեսական, զբաղվածության և աշխատանքի, զինվորական հաշվառման և ծառայության, օրենսդրական, հարկային, բանկային գործարքների և ֆինանսների, իսկ վտանգված սփյուռքյան համայնքներից արտակարգ իրավիճակների հետևանքով զգալի ներգաղթի դեպքում առաջացած և հրատապ համարվող խնդիրների արագ լուծման հնարավորություն:

Բարձրացվող հարցերին համապատասխան լուծումներ գտնելու համար կսահմանվի հստակ ժամկետ, փոխգործակցություն պետական ու հասարակական մարմինների միջև:

Ըստ այդմ՝ՀՀ վարչապետի աշխատակազմին կթույլատրվի մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպությունից գնել սպասարկման ծախսերը, ինչը հնարավարություն կտա պատշաճ իրականացնել կենտրոնի տեխնիկական սպասարկման աշխատանքները և ապահովել դրանց իրականացման անընդհատությունը՝ հայրենադարձության գործընթացի ժամանակ առաջացած և հրատապ համարվող խնդիրներին օպերատիվ արձագանքելու, «մեկ պատուհանի սկզբունքով» աշխատելու ընթացքում:

  • Կիսվել: