երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողների համար պետտուրքի վճարման կարգը կփոխվի

Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողների համար պետտուրքի վճարման կարգը կփոխվի

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկեց և դրական եզրակացություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նախ տեղեկացրեց, որ մինչև 2014 թվականը կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր: Լիցենզիան տրվում էր անժամկետ, որի համար սահմանված էր 100 հազար դրամ պետական տուրք:

2014 թվականին իրականացված օրենսդրական փոփոխության արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ պետական տուրքի պահանջը՝ պահպանվել:

«Ներկայացված օրենսդրական փաթեթով նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝ կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված տարեկան պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով»,- ասաց Սիմոնյանը;

Փոխնախարարը մանրամասնեց, որ այն կազմակերպությունը, որը մրցութային կարգով իրավունք կստանա սպասարկել տվյալ երթուղին, օրենսդրական փոփոխություններից հետո կվճարի ընդամենը մեկ անգամ 100 հազար դրամ: Առաջարկվում է կարգավորումը կիրառել հունվարի 1-ից:

  • Կիսվել: