չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կան դղյակներ, որոնք տարեկան վճարում են 800 հազար դրամ, օրենքի փոփոխությունից հետո կվճարեն 15 մլն դրամ. Փաշինյան

Կան դղյակներ, որոնք տարեկան վճարում են 800 հազար դրամ, օրենքի փոփոխությունից հետո կվճարեն 15 մլն դրամ. Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» նախագծին, որը վերաբերում է անշարժ գույքի գույքահարկին։

Նախագծի նպատակը կադաստրային արժեքների հիման անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին անցում կատարելը և դրանով իսկ տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով որոշմանն,  ասաց, որ սա կարևորագույն ռեֆորմներից է, որ կառավարությունը ստանձնել է իրականացնել, որը հարկային բարեփոխումների շարքում է դիտարկվում։

«Այս փոփոխությունը, այո՛, ուղղակի կապ ունի եկամտահարկի համահարթեցման հետ։ Այն ժամանակ շատ էր քննադատությունները, թե համահարթ եկամտահարկ սահմանելով՝ սոցիալական արդարության սկզբունքը խախտում ենք, ու մենք այն ժամանակ ասացինք, որ այդ խնդիրը կլուծենք գույքահարկի համակարգի բարեփոխումների արդյունքում»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով, այստեղ տեղի են ունենում հեղափոխական նշանակության փոփոխություններ։

«Առաջինը ընդհանրապես չհարկվող անշարժ գույքի հասկացությունը վերացվում է։ Հայաստանում կար իրավիճակ, որ մինչև 3 միլիոն դրամանոց գույքի համար հարկ չէր վճարվում։ Մենք արձանագրում ենք, որ սա սկզբունքային սխալ մոտեցում էր, որովհետև քաղաքացի-պետություն հարաբերությունը պետք է կարգավորվի կոնկրետ բանաձևով։ Այդ կոնկրետ բանաձևը նշանակում է նաև համընդհանուր վերաբերմունք պետական և տեղական բյուջեի նկատմամբ։ Մի քիչ կարող է կոպիտ հնչի, բայց սովորաբար պետական բյուջեի նկատմամբ 2 վերաբերմունք կա, երբ պետական համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը բյուջե վճարած ամեն կոպեկ համարում է, ըստ էության, կորսված փող։ Սա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետական բյուջեին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե անձի գույքի արժեքը ցածր է, ոչինչ, թող նա վճարի տարեկան 100 դրամ, բայց վճարի։

«Ֆիսկալ առումով սա որևէ նշանակություն չունեցող հարաբերություն է, բայց հոգեբանական առումով սա հսկայական նշանակության հարաբերություն է։ Այո, գույքահարկը ավելանալու է և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ և այլն։ Եթե նայենք՝ այսօր այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքհարկ են վճարում, ըստ էության, սիմվոլիկ։ Երկար տարիներ Հայաստանում այդ բանավեճն է տեղի ունեցել, որ ճոխության հարկ է պետք մտցնել, և այստեղ ճոխության հարկի կոմպոնենտ նույնպես կա»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, սա շատ կարևոր դեր է խաղում Հայաստանում քաղաքաշինության կուլտուրայի զարգացման գործում։

Նրա խոսքով, այսօր մարդիկ տներ կառուցում են առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու․ «Մտածում են՝ ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող, էնքան ավելի լավ, էնքան իրենց սոցիալական դերը մեծանում է։ Եթե նույնիսկ այդպես, ուրեմն մյուսներին պետք է վճարեն այդպիսի սեփականությունների տնօրինողները, որպեսզի այստեղ իրավունքների եւ պարտականությունների միջեւ ճիշտ բալանս տեղի ունենա»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ներդնում են չորս փուլանի հարկային բարեփոխումների համակարգ են ներդնում։ Ըստ նրա, ճգնաժամային այս ժամանակաշրջանում առաջին տարում մոտավորապես 600 հազար քաղաքացու գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ. «Այսինքն՝ 2021 թվականին մենք ճգնաժամային տրամադրության մեջ կլինենք գույքահարկի առումով։ Հետագայում տնտեսական աճի տեմպը կվերականգնվի, և այդ բարձրացումները կլինեն մեր իրավիճակին համարժեք»։

Վարչապետը նաև նշեց, որ դուրս ենք բերել կամայական հասցեներ և համեմատել են այսօրվա գույքահարկի կիրառումը ապագա գույքահարկի հետ։

Մենք զուտ բանաձևով ստանում էինք դեպքեր, երբ գույքահարկը 300-400 անգամ բարձրանում է: Որոշեցինք տեղայնացնել և պարզեցինք, օրինակ, որ դա այն դեպքերն են, երբ ասենք այսօր վճարվում է տարեկան 1 դրամ, օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարի 300 դրամ: Կամ որ դեպքում է, որ 200 տոկոսով աճում է հարկը, դա այն դեպքն է, որ ասենք հիմա տարեկան վճարում է 500 դրամ, բայց պետք է վճարի 1000 դրամ: Իհարկե, կան դեպքեր, որ հարկը 2-3 անգամ ավելանում է, բայց դա արդարացի ենք համարում»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով, այսօր մեծ դղյակներ կան, որ տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15 մլն դրամ: «Ակնհայտ է, որ սյդ սեփականատերերի համար այդ 15 մլն դրամը ոչ մի բան է, ըստ էության: Եթե մարդը այդ կարգի դղյակ է կառուցել, պետք է այդպես էլ լինի»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: