կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կամավորների հերթագրման հարթակում ավելի քան 650 կամավոր գրանցված ունենք. ԱՍՀ նախարար

Կամավորների հերթագրման հարթակում ավելի քան 650 կամավոր գրանցված ունենք. ԱՍՀ նախարար

Ե՛վ Գորիսում, և՛ Կոռնիձորում բազմաթիվ կամավորներ կան, որոնք աշխատանքներ են իրականացնում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ գործարկվել է նաև կամավորների հերթագրման հարթակ:

«Այս պահի դրությամբ այդ հարթակում գրանցված ունենք ավելի քան 650 կամավորներ»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ կոորդինացնող կայաններ կան ՀՀ բոլոր մարզերում և համայնքներում, որոնց հասցեները հրապարակված են:

«Համապատասխան կարիքը գնահատելուց և պահանջը հասկանալուց հետո մեր կամավորներին կուղղորդենք  համապատասխան կենտրոններ և առհասարակ բոլոր այն վայրերը, որտեղ այս կամ այն սոցիալական ծառայություն կամ աջակցություն է տրամադրվում ԼՂ-ից բռնի տեղահանված ազգաբնակչությանը, մենք մեր կամավորների ներուժը կօգտագործենք այդ ուղղությամբ: Եվ այս առումով ասեմ, որ հավաքագրումը շարունակվում է, և մենք վստահ ենք, որ այդ թվերը կմեծանան, որովհետև բազմաթիվ զանգեր ենք ստանում»,- ասաց նախարարը:

Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքացիներից բազմաթիվ զանգեր են ստացել թեժ գծին, և որ վերջիններս ցանկություն են հայտնել՝ կամավոր աջակցություն ցուցաբերելու ԼՂ մեր հայրենակիցներին:

  • Կիսվել: