կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՍՀ նախարարը ՄԹ և ԱՄԷ գործընկերների հետ քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ԱՍՀ նախարարը ՄԹ և ԱՄԷ գործընկերների հետ քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ խնամատարության ինստիտուտի զարգացման տարածաշրջանային համաժողովի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Էդվարդ Թիմփսոնի և ԱՄԷ-ի ընտանեկան գործերի սեկտորի գործադիր տնօրեն Ն․ Գ․ Ասմա ԱլԱզրիի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները, մասնավորապես՝ ընդգծվել խնամատարության ինստիտուտի զարգացմանն ու ընտանիքների հզորացմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը։ Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերոջ հետ քննարկվել է նաև ոլորտային հուշագիր կնքելու հնարավորությունը։

Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ խնամատարությանն առնչվող մոդելների ու նորարարությունների ներդրման գործընթացում կարևոր դերակատարություն ունենալու համար։ Նախարարը նշել է, որ խնամատարության ինստիտուտի կայացումը շարունակում է լինել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից, և հույս հայտնել, որ իրականացվող բարեփոխումները կբարելավեն ծնողական խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքը:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքներ իրականացնել և անհրաժեշտ ջանքեր ներդնել խնամատարության ինստիտուտի զարգացման գործընթացում։

  • Կիսվել: