կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՍՀ նախարարն ու ԱԶԲ տնօրեն Դոն Լամբերտը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի արդյունքները

ԱՍՀ նախարարն ու ԱԶԲ տնօրեն Դոն Լամբերտը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի արդյունքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Դոն Լամբերտին։ Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները, դիտարկվել համագործակցության շրջանակի ընդլայնման հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև ճգնաժամային տարբեր իրավիճակներում ՀՀ կառավարության կողքին լինելու համար։ Այս համատեքստում ընդգծվել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված աջակցության ծրագրերում կազմակերպության ներգրավվածության դերը։
 
«Մենք կարևորում ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնում պետական միջնաժամկետ ու երկարաժամկետ մի շարք միջոցառումների, մասնավորապես՝ բնակարանային ապահովության ծրագրերին միանալու պատրաստակամության, ինչպես նաև այն ինտենսիվ ներգրավվածության համար, որ ունեք ծրագրերի մոդելների մշակման գործում»,- նշել է նախարարը։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անձի ֆունկցիոնալության գնահատման e-disability համակարգի ստեղծման գործում կազմակերպության կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև մասնագետների ներգրավման ապահովմանը։ Նախարար Մկրտչյանը նշել է նաև, որ 2024 թ․ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ նախատեսվող միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանը հնարավորություն կունենա ոչ միայն ներկայացնել հարթակը, այլև Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) բարեփոխումը ներկայացնել այլ երկրներին։
 
Դոն Լամբերտը ևս շնորհակալություն է հայտնել ԱՍՀ նախարարության հետ ունեցած կառուցողական համագործակցության համար և վստահություն հայտնել, որ հետագա համատեղ աշխատանքները նույնքան արդյունավետ կլինեն։
 
«Մեր գործունեության առանցքում ունենք երեք առաջնահերթություն՝ տեխնիկական աջակցության ապահովում, բնակարանային ապահովություն և սոցիալական ծառայությունների թվայնացում, և պատրաստ ենք Ձեզ հետ համագործակցել այս ուղղություններով ևս»,- նշել է Դոն Լամբերտը։

  • Կիսվել: