հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ կարելի է կազմակերպել ՀՀ-ի միջոցով. Հայաստանում Իրանի առևտրային կցորդ

Իրանական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ կարելի է կազմակերպել ՀՀ-ի միջոցով. Հայաստանում Իրանի առևտրային կցորդ

Հայաստանում Իրանի առևտրային կցորդն ասել է. "Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև բանակցություններից հետո առաջիկա ամիսներին երկու կողմերի միջև առևտրի ազատականացման նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն", գրում է parstoday.com-ը:

"Իրանի և հարևան երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման պլանավորումը լրջորեն դրված է իրանական կառավարության օրակարգում, և ԵԱՏՄ-ի անդամների հետ բանակցությունները նույնպես լուրջ առաջնահերթություն են: Մենք հուսով ենք, որ Իրանի և հարևան երկրների միջև առևտրային հարաբերությունները կզարգանան", - ասել է Աքբար Գոդարին:

Հայաստանում Իրանի առևտրային կցորդի խոսքով՝ վերջին ամիսներին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև անցկացվել է բանակցությունների 9 փուլ, և հիմնական ուղղություններից մեկը եղել է երկու կողմերի միջև առևտրի ազատականացումը:

Նշելով, որ այդ երկրի շուկան շատ բարենպաստ հնարավորություններ ունի Իրանի համար՝ Գոդարին պարզաբանել է. "Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը եւ սահմանային կապերը, որոնք գոյություն ունեն երկու երկրների միջեւ՝ Հայաստանի շուկան, անկասկած, շատ կարեւոր է Իրանի ապրանքների արտահանման համար":

Հայաստանում Իրանի առևտրային կցորդն ընդգծել է. "Իրանն ու Հայաստանը քաղաքական և պատմական առումով մեծ հարաբերություններ ունեն միմյանց հետ, ուստի, օգտագործելով այդ ներուժը, կարելի է լրջորեն բարձրացնել առևտրային փոխգործակցության մակարդակը և իրանական ապրանքների արտահանումը պատրաստել մեր հյուսիսային հարևանի համար՛՛։

Իրանի և Հայաստանի տնտեսական համաժողովն անցկացվել է Արևելյան Ադրբեջան նահանգի առևտրային պատվիրակության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Տնտեսական համաժողովին ներկա էին իրանական շուրջ 30 ընկերություններ Արևելյան Ադրբեջան նահանգից և 30 հայկական ընկերություններ։

Իրանական ընկերությունները Երևանի առևտրային և տնտեսական համաժողովում ներկայացրել են իրենց հնարավորությունները շինանյութերի, սննդամթերքի, գորգերի, բժշկության և զբոսաշրջության ոլորտներում:

Հայաստանը, իր առանձնահատուկ աշխարհագրական դիրքով, իրանական ապրանքների համար կարող է դարպաս դառնալ դեպի Եվրասիական տնտեսական միության 180 միլիոնանոց շուկա:

  • Կիսվել: