շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ինքնակամ կառույցները պետք է հաշվառվեն. ինչ կարգավորումներ են սահմանված նոր փոփոխություններով

Ինքնակամ կառույցները պետք է հաշվառվեն. ինչ կարգավորումներ են սահմանված նոր փոփոխություններով

Հայաստանում այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021 թվականի հունվարի 1-ից  հետո` մինչև վերջին համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը, ունենալու են երկու ամիս ժամանակ այդ կառույցները հաշվառելու համար: Սա նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթում, որը ընդունվել է Ազգային ժողովում: Հրավիրված ասուլիսում Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը նշեց, որ փորձել են հնարավորինս պարզեցնել հաշվառման կարգը:

«Ինքնակամ շինության սեփականատերը, որպես պատվիրատու, դիմում է չափագրող կազմակերպությանը կառույցի հաշվառման նպատակով: Չափագրումը կատարվելուց հետո նյութերը համաձայնեցվում են պատվիրատուի հետ ու կնքվում է համաձայնագիր, որով հավաստվում է ինքնակամ կառույցի տվյալների իսկությունը: Հստակ փաստագրումը կատարվում է նաև լուսանկարների միջոցով: Տվյալների ամբողջական փաթեթը մուտքագրվում է չափագրողների առցանց գրասենյակ: Հաստատումից հետո գույքը համարվում է հաշվառված»,-ասաց  Գևորգ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է 2021 թվականի հունվարի 1-ից առաջ կառուցված շինություններին, ապա հաշվառման համար սահմանվել են տարբեր ժամկետներ՝ կախված դրանց գտնվելու վայրից: Երևան քաղաքում կառուցված ինքնակամ շինությունների հաշվառումը կարող է կատարվել մինչև 2023թ–ի հունվարի 1-ը, ՀՀ այլ քաղաքային համայնքներում` մինչև 2024թ–ի հունվարի 1-ը, իսկ գյուղերում` 2025 թվականի հունվարի 1-ը։ Կառույցն օրինականացնելու համար հաշվառումը պարտադիր է: Առանց դրա հնարավոր չէ: Հաշվառման գործընթացն ավարտվելուց հետո, կառույցի սեփականատերը կարող է սկսել դրա օրինականացման գործընթաց: Այն բոլոր ինքնակամ շինությունները, որոնք կառուցվել են մինչ օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելը, կարող են օրինականացվել, այդպիսի հնարավորություն տրվելու է, սակայն դա չի ենթադրում, որ դրանք պարտադիր ենթակա են օրինականացման:

 
ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների նպատակն այն է, որ այսուհետ արգելվեն ինքնակամ շինությունների կառուցումն ու դրանց օրինականացումը:

«Հանրությունը պետք է իմանա, որ այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այլևս հնարավորություն չի ունենալու կառուցել ինքնակամ շինություններ այն հույսով, որ այդ կառույցները վերջում օրինականացվելու են: Խոսքը վերաբերվում է նաև ինքնակամ կիսակառույցներին: Օրենք ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է շինարարարության շարունակումը»,-ասաց Տիգրան Դադունցը:

Հստակ կարգավորումներ են նախատեսվել համայնքային, պետական սեփականության հողամասերում ինքնակամ կառույցների պարագայում համայնքների ու վերահսկող մարմնի լիազորությունների առնչությամբ: Համայնքի ղեկավարը պարտավոր է լինելու որոշում կայացնել նման ինքնակամ կառույցները քանդելու վերաբերյալ: Եթե իր լիազորությունների շրջանակում այդ որոշման կատարումը չապահովի, ապա համայնքի ղեկավարն է ենթարկվելու պատասխանատվության: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը նշեց, որ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրվել է հավելյալ լիազորություն:

«Նոր փոփոխություններով, փաստորեն  տրվում է լրացուցիչ լիազորություն տեսչական մարմնին համայնքի ղեկավարի կողմից նշված գործառույթը չիրականացնելու պարագայում: Ընթացքում ստուգումներ կատարելու բացթողումներ,խախտումներ հայտնաբերելու դեպքում կլինեն հանձնարարականներ դրանք վերացնելու համար: Կրկին չկատարելու պարագայում կառույցը քանդելու գործառույթը վերագրվում է տեսչությանը»,-նշեց Նունե Պետրոսյանը: Տեսչական մարմնի որոշումը ենթակա է լինելու հարադիր կատարման: Բոլոր ծախսերը գանձվելու է ինքնակամ կառույցն իրականացրած անձից: Այս գործընթացներն ուղղված են պետական և համայնքային նշանակության հողերը նպատակային օգտագործելուն:

Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինության և ճարտարապետության վարչության խորհրդական Մարտուն Գրիգորյանի խոսքով, դիտարկվել է նաև ինքնակամ կառույցների քանդման ընթացակարգը:

«Մինչ օրս ինքնակամ կառույցի քանդման թույլտվության ընթացակարգ չկար: Այս փոփոխություններով մենք գնում ենք մեկ քայլ առաջ: Քաղաքացիները, որոնք կորոշեն կամավոր քանդել իրենց իսկ կառուցած շինությունները, կկարողանան ունենալ բոլոր այդ ընթացակարգերը: Հիմա, եթե փաստագրվի ու քաղաքացին ցանկանա քանդել կառույցը առանց համայնքի վարչական ակտի, ապա կարողանում է դա իրականացնել»,-ասաց Մարտուն Գրիգորյանը:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակվելուց հետո 10-րդ օրը:  

  • Կիսվել: