ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչու է էկոնոմիկայի նախարարությունը որոշել արգելել սև մետաղի արտահանումը

Ինչու է էկոնոմիկայի նախարարությունը որոշել արգելել սև մետաղի արտահանումը

Հայաստանում առաջիկայում ժամանակավոր կարգելվի սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս առաջարկով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիմել է կառավարությանը: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ այս ամենի արդյունքում երկրորդային հումքը տեղում կվերամշակվի եւ տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն կընձեռվի զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնը եւ թափոնը:

Նշենք, որ սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում չկա սեւ եւ գունավոր մետաղների արտադրություն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական եւ մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի եւ թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից և թափոնից:

Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում այս ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ: Ավելին, տեղական երկրորդային հումքի բացակայության դեպքում այդ ընկերությունները կկանգնեն փակման վտանգի առաջ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2017 թվականին սև մետաղից արտահանվել է շուրջ 8000 տոննա, պղնձի թափոն և ջարդոն` 2472 տոննա, ալյումինի թափոն և ջարդոն` 2000 տոննա: Իսկ ահա 2018 թվականին արտահանվել է ավելի քան 12 հազ.տոննա սև և գունավոր մետաղներ: Այսինքն սեւ եւ գունավոր մետաղների արտահանման ծավալները տարեց տարի աճում են, ինչն էլ մտահոգել է էկոնոմիկայի նախարարությանը:

  • Կիսվել: