շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ինչպես պաշտպանել մարդու իրավունքները արհեստական բանականության կիրառման ոլորտում. ՀՀ-ն միացավ կոնվենցիային

Ինչպես պաշտպանել մարդու իրավունքները արհեստական բանականության կիրառման ոլորտում. ՀՀ-ն միացավ կոնվենցիային

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Արհեստական բանականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի ստորագրմանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս շրջանակային կոնվենցիան բաց է ստորագրման ոչ միայն ԵԽ անդամ, այլ նաև ոչ անդամ երկրների համար:

Կոնվենցիան ստորագրման է բացվել 2024թ. սեպտեմբերի 5-ին Վիլնյուսում տեղի ունեցած ԵԽ անդամ երկրների արդարադատության նախարարների ոչ պաշտոնական համաժողովի շրջանակներում:

Կոնվենցիայի բացման օրը և առ այսօր այն ստորագրել են Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իսլանդիան, Մոլդովան, Վրաստանը, Անդորրան, Սան Մարինոն, ԵԽ դիտորդ երկրներից՝ ԱՄՆ-ն, ԵԽ ոչ անդամ երկրներից՝ Իսրայելը:

Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 5 պետության կողմից ստորագրման, ներառյալ՝ ԵԽ անդամ երեք երկրի վավերացման դեպքում: 

Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ է հետապնդում ապահովելու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում: Մասնավորապես, Կոնվենցիան կոչված է բացառել թվայնացման գործընթացներում կենսաբանական տվյալները նույնականացնելիս անձի հանդեպ ռասսայով, կրոնով, սեռով պայմանավորված խտրականությունը, որի դեպքում նախատեսվում են համապատասխան տուգանքներ:

Արհեստական բանականության համակարգերը, համապատասխան իրավական կարգավորումների և վերահսկողության բացակայության պարագայում, կարող են վտանգել մարդու իրավունքները, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում դեռևս առկա չեն ոլորտային բավարար իրավական կարգավորումներ, Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա զարգացնելու արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով:

  • Կիսվել: