շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք Ձեզ կոնկրետ հարցեր ենք տալիս, իսկ Դուք ինչ-որ սրամտում եք, բաներ եք անում. Մարուքյանը՝ Ջանջուղազյանին

Մենք Ձեզ կոնկրետ հարցեր ենք տալիս, իսկ Դուք ինչ-որ սրամտում եք, բաներ եք անում. Մարուքյանը՝ Ջանջուղազյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում կրկին անդրադարձավ իր առաջարկին՝ կառավարության  հակաճգնաժամային ծրագրերի փոխարեն  50 մլրդ դրամը բաժանել 500 հազար ընտանիքի, յուրաքանչյուր ընտանիքին՝ 100 հազար դրամ։

«Ուզում եմ պատասխանեք, թե ինչու Կառավարությունը ՀՀ քաղաքացիների վերջին երկու տարիների խնայողություններից, որտեղ վստահաբար կա 100 մլրդ դրամ որևէ պարտավորությունով չծանրաբեռնված փող, չի ուզում աջակցել քաղաքացիներին, որ նրանք վճարեն կոմունալները, սնունդ գնեն իրենց երեխաների համար: Մոտ 4700 ընտանիք հիմա այդ խնդրի առաջ է կանգնած։ Մենք այս հարցը բարձրացրել ենք, փողի տեղը ցույց ենք տվել, ցույց ենք տվել միջազգային փորձը, հիմա ուզում ենք այս հարցի պատասխանը ստանալ։ Ժողովրդի գումարից ինչո՞ւ Հայաստանի ժողովրդին  չեք աջակցում »,- դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև հարցրեց՝ արդյոք կառավարությունը քննարկում է այդ առաջարկը և երբ է պատրաստվում այն բավարարել կամ պաշտոնապես մերժել՝ հաղորդագրությամբ և հիմնավորումներով։

Հարցին ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանը նշեց. «Իհարկե, Ձեր հետևողականությունը  ողջունելի է, բայց վստահ չեմ, որ Դուք պատասխանը ստանալու նպատակ եք հետապնդում, քանի որ, իմ կարծիքով, պատասխանը Դուք ստացել եք։ Առնվազն տպավորություն է ստեղծվում, որ Ձեզ հետաքրքրում է այդ հարցի ձևակերպման գործընթացը»։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ կառավարությունն իր տրամադրության տակ 100 մլրդ դրամ չունի։ «Դուք ասում եք՝ փողի տեղը ցույց տվեցիք, իսկ ես Ձեզ ասում եմ՝ տարեկան հաշվետվությունը հրապարակել ենք, որտեղ առանձին տեղեկանքով ներկայացված է գանձապետական միասնական հաշվի մնացորդը»։

Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով խմբին, Ատոմ Ջանջուզազյանն ասաց, որ, ըստ իրեն,  դրա ճանապարհը այն է, ինչը ընտրել է կառավարությունը՝ դա միջոցառումներով, թիրախավորված, հասցեական աջակցությունն է։

Էդմոն Մարուքյանն արձագանքեց նախարարի դիտարկմանը՝ նշելով, որ ինքը կոնկրետ հասցեական առաջարկ է անում:

«Պարոն նախարար, պատգամավորների հարցերին ի պատասխան ասում եք՝ Դուք իրավունք ունեք այդ կարծիքն ունենալ, այդ միտքը կյանքի իրավունք ունի, չգիտեմ, ինչ-որ սրամտում եք, բաներ եք անում, մենք Ձեզ կոնկրետ հարցեր ենք տալիս, դա հարցի պատասխան չի, հարցի առաջին մի րոպեն դրա մասին էր, որ ես իրավունք ունեմ Ձեզ հարց տալ, ես գիտեմ դրա պատասխանը, բայց տալիս եմ։ Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը և իմ առաջարկը 470 հազար թոշակառուի մասին է ու ի՞նչը հասցեական չէ։  Ես չգիտեմ, ոնց եք Դուք ասում, որ թիրախային է մեր աջակցությունը, երբ վարչապետը ասում է, որ չենք կարողանում տեղորոշել կարիքավորին, իրար հետ գոնե քննարկեք, որ Ձեր խոսքերը համընկնեն»,- ասաց պատգամավորը:

Ատոմ Ջանջուղազյանն էլ նկատեց՝ արձագանքում է հարցերին այնպես, ինչպես կարծում է, որ ճիշտ է: «Ես ասում եմ այդ պատասխանը հնչել է ոչ մեկ անգամ, հետևաբար ես ինձ կարող եմ թույլ տալ եզրակացնել, որ եթե Ձեզ պատասխանն էր պետք իմանալ, ապա Դուք պատասխանի ձեր վարկածը հավանաբար ունեք և Ձեզ դուր չի գալիս այն պատասխանը, որը հնչում է»,- նշեց նա՝ հավելելով, որ ինքը վարչապետի ասածին հակառակը չի ասում, այլ ընդհակառակը, շեշտում է՝ ցանկանում են, որ աջակցությունը հասցեական լինի:

Նախարարը նաև ասաց, որ հաշվի են առնում բոլոր առաջարկները. «Շնորհակալ ենք, մենք բոլորը հաշվի ենք առնում։ Չքննարկվող առաջարկ չկա»։



  • Կիսվել: