հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել հայկական մածունի հետ կապված սյուժեում խնդրահարույց գրությունների համար

«Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել հայկական մածունի հետ կապված սյուժեում խնդրահարույց գրությունների համար

Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության ժամը 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Խնդրի առնչությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել՝ հայտնում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից:

Նշվում է, որ փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։

««Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար: «Քրոնիկոնի» 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին»,- ասված է հեռուստաընկերության պաշտոնական կայքում։

«Իմեդի» հեռուստաընկերությունն ափսոսանք է հայտնել և ներողություն հայցել թույլ տված սխալի համար։ Նշվում է, որ սյուժեի այդ հատվածը կհեռացվի հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից։

Հիշեցնենք, որ մածունի արտահանման արգելքի մասին հեռուստաընկերության տեսանյութում հաղորդավարների հետին պլանում ապակյա տարաների վրա հայերեն տառերով գրված է եղել «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։

Նշենք, որ Վրաստանը 2021 թվականի սեպտեմբերից արգելում է իր տարածքով հայկական մածունի արտահանումը, պատճառաբանելով այդ ապրանքատեսակի անվանման վրա բացառիկ սեփականության իրավունքով:
 
 
 
 
 

 

  • Կիսվել: