շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
IFC-ն Հայաստանում ձեռներեց կանանց համար ներդրումները խթանելու նոր նախաձեռնություն է ներկայացնում

IFC-ն Հայաստանում ձեռներեց կանանց համար ներդրումները խթանելու նոր նախաձեռնություն է ներկայացնում

Բիզնեսի աճի, ֆինանսավորում ներգրավելու և ավելի շատ հասույթ ստանալու հարցում ձեռներեց կանանց օգնելու համար, IFC-ն, Ճապոնիայի կառավարության հետ համագործակցելով, նոր նախաձեռնության մեկնարկ է տվել Հայաստանում։ Ծրագիրը կօգնի բարելավելու ֆինանսների մատչելիությունը կանանց սեփականությունը հանդիսացող բիզնեսի համար՝ բացահայտելով նրանց ողջ ներուժը և տալով երկրի տնտեսության մեջ կանանց մասնակցության ավելի մեծ հնարավորություն։

Ֆինանսների մատչելիությունը Հայաստանի ամենամեծ մարտահրավերներից մեկն է, հատկապես գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնց մեծ մասի սեփականատերը կանայք են՝ ըստ IFC 2021 թ․ «Կանանց ձեռներեցությունը» հետազոտության (IFC’s Women Entrepreneurship Study 2021): Ի պատասխան դրա՝ IFC-ն մշակել է կանանց սեփականությունը հանդիսացող ընկերություններին ներդրումների ներգրավման հարցում օգնելու նոր նախաձեռնություն՝ բարելավելով նրանց ձեռնարկատիրական հմտությունները և նրանց համար ձեռնարկատիրական ցանցերի հասանելիությունը, այդպիսով հաղթահարելով առանցքային խոչընդոտներից մեկը, որին բախվում են ձեռներեց կանայք։

Հաջորդ 11 ամիսների ընթացքում Հայաստանում կանանց սեփականությունը հանդիսացող ընկերություններին ուղղված ներդրումային պատրաստության ծրագրով նման ընկերություններին կտրամադրվեն համակցված անհատական և խմբային մենթորություն, քոուչինգ և խորհուրդներ։ Նպատակը նրանց օգնելն է ներդրումային պատրաստության ու գործարար  բանակցությունների և վստահության բարձրացման համար առանցքային՝ միջանձնային հաղորդակցման հմտությունների բարելավման  հարցում։

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ասաց․ «Ճապոնիայի կառավարությունը համոզված է, որ սա չափազանց կարևոր ծրագիր է՝ ժամանակին համահունչ, քանի որ Հայաստանում և աշխարհում օրեցօր աճում է կանանց դերը ձեռնարակատիրության մեջ։ Սպասում ենք, որ այս ծրագիրը կանանց՝ որպես ձեռներեց և բիզնեսում վստահ զգալու համար ավելի մեծ հնարավորություններ կընձեռի, և ակնկալում ենք մինչ ծրագրի ավարտը բազմաթիվ կարևոր վերջնարդյունքներ տեսնել»։

IFC Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն ասաց․ «Չնայած նրան, որ կանայք որպես ձեռներեց կարևորագույն դեր են կատարում տնտեսություններում, նրանց առջև ծառացած խոչընդոտները հաճախ խանգարում են նրանց ողջ ներուժի բացահայտմանը։ Հայաստանում IFC-ի խորհրդատվական աշխատանքի նպատակը ձեռներեց կանանց անհրաժեշտ գործիքներով և ռեսուրսներով ապահովելն է՝ վստահությունը ու կարողությունները բարձրացնելու համար, միաժամանակ խթանելով ներառական աճը»։

Ծրագրում կընդգրկվեն գործարար կապերի ստեղծման մի շարք միջոցառումներ, որոնց նպատակը գործարար նոր ցանցերի միջոցով կանանց սեփականությունը հանդիսացող ձեռնարկությունների կապերի ընդլայնումն է։ Ուշադրության առանցքում կլինի փոքր և միջին ձեռնարկությունների և ֆինանսական կառույցների միջև կապի ստեղծումը՝ ֆինանսների սահմանափակ հասանելիության խնդիրը լուծելու համար։ Խորհրդատվական աջակցությունը միտված կլինի նաև օգնելու խոշոր ընկերություններին, որ մատակարարման շղթաներում ինտեգրեն կանանց՝ բարելավելով գործարար ցանցերի հասանելիությունը նրանց համար։ Ակնկալվում է, որ ծրագիրը ձեռներեց կանանց կօգնի Հայաստանում ավելի շատ աշխատատեղ ստեղծելու հարցում։

IFC-ի ծրագիրը կիրականացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ, Երևանում, Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերում։

  • Կիսվել: