ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
IFC-ն 18.5 միլիոն եվրո է ուղղում EFSE-ի միջոցով ԵԿԱ տարածաշրջանի ՄՓՄՁ-ների վարկավորմանը

IFC-ն 18.5 միլիոն եվրո է ուղղում EFSE-ի միջոցով ԵԿԱ տարածաշրջանի ՄՓՄՁ-ների վարկավորմանը

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 18.5 միլիոն եվրո է ներդնում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամում (EFSE)։ Միջոցներն օգտագործվելու են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  (ԵԿԱ) տասնչորս երկրներում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ)՝ բանկերի և միկրո ֆինանսական հաստատությունների միջոցով վարկավորում տրամադրելու նպատակով։ Այս մասի տեղեկացնում են Միջազգային ֆինանսական կորպորացիայից։

«EFSE-ն ՄՓՄՁ-ների տարածաշրջանային ֆինանսավորման ամենախոշոր կառույցն է տարածաշրջանում։ IFC-ի ներդրմամբ կմեծանա ֆինանսավորման հասանելիությունը ԵԿԱ տարածաշրջանի թերսպասարկված բնակչության համար։ Վերջնական շահառուները կլինեն ՄՓՄՁ-ներն ու այն անձինք, որոնք այս պահին չունեն ֆինանսավորումից օգտվելու հնարավորություն կամ այդ հնարավորությունը սահմանահակ և անհուսալի է։

ԵԿԱ տարածաշրջանում ՄՓՄՁ-ները տնտեսական աճի շարժիչն ու աշխատատեղերի ստեղծման կարևոր գործոն են։ Ֆինանսների հասանելիությունը դեռևս հանդիսանում է նրանց աճի հիմնական խոչընդոտը։ Հետազոտությունները վկայում են, որ ԵԿԱ տարածաշրջանում գրանցված ՄՓՄՁ-ների 27 տոկոսն ունի չբավարարված ֆինանսական կարիքներ, և ֆինանսավորման բացը տարածաշրջանում գնահատվում է մոտավորապես 740 միլիարդ դոլար։ IFC-ի ներդրումը կնպաստի շուկայական մրցակցության մեծացմանը, ի ցույց կդնի տեղական արժույթով ֆինանսավորման կենսունակությունն ու պրոդուկտների նորացման հնարավորություն կտա վարկավորողներին։ Այս ներդրումն էլ ավելի է կարևորվում ՔՈՎԻԴ-19 համավարակի և տարածաշրջանի ՄՓՄՁ-ների վրա դրա աղետալի ազդեցության համատեքստում։

IFC-ն EFSE-ի վաղեմի գործընկերն է՝ սկսած 2005 թվականին վերջինիս մեկնարկից, և օժանդակել է Հիմնադրամի մի շարք ծրագրերին։ EFSE-ի նախագահ Քրիստոֆ Տիսկենսը նշել է․ «15 տարի շարունակ մենք խթանել ենք ֆինանսական ներառումն ու տեղական արժույթով վարկավորումը տարածաշրջանում։ EFSE-ն ուրախ է շարունակելու աշխատանքն IFC-ի պես արժեքավոր գործընկերների հետ՝ դրական ազդեցություն ձևավորելով տարածաշրջանի տնտեսական «ողնաշարը» հանդիսացող միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողության մեջ ներդրումների միջոցով։

Մեկնաբանելով այս ներդրումը՝ IFC-ի տարածաշրջանային ղեկավար Վիտորիո Դի Բելոն նշել է․ «Այս ծրագիրն օժանդակելու է կայուն ֆինանսական ծառայություններ տրամադրողներին, որոնք կապահովեն թերսպասարկված ՄՓՄՁ սեգմենտի կարիքները, այդ թվում՝ տեղական արժույթով ֆինանսավորման միջոցով, միաժամանակ բարձրացնելով EFSE-ի ներդրումները ստացող մասնավոր ընկերությունների գործառնական կարողություններն ու կայուն կատարողականը։ Այս ներդրումը կնպաստի, որ IFC-ն շարունակի իրականացնել Համաշխարհային բանկի խմբի ֆինանսական ներառման ռազմավարությունը»։

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ և Համաշխարհային բանկի քույր կազմակերպություն Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)  զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է զարգացող շուկաների մասնավոր հատվածին։ Աշխատելով աշխարհի ավելի քան 2000 մասնավոր ձեռնարկությունների հետ՝ մենք օգտագործում ենք մեր կապիտալը, գիտելիքներն ու ազդեցությունը՝ շուկաներ ու հնարավորություններ ստեղծելով այնտեղ, որտեղ կա դրա խիստ անհրաժեշտությունը։ 2019 ֆինանսական տարում զարգացող երկրներին տրամադրել ենք ավելի քան 19 միլիարդ դոլարի երկարաժամկետ ֆինանսավորում՝ նպաստելով մասնավոր հատվածի հզորությունների լիարժեք օգտագործմանը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և համատեղ բարգավաճումը խթանելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ifc.org կայքը։

 

EFSE –ի մասին

Ազդեցիկ ներդրումներ կատարող Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) ստեղծվել է 2005 թվականին՝ Հարավարևելյան Եվրոպայի և Արևելյան Հարևանության տարածաշրջանի տնտեսական զարգացումն ու բարգավաճումը խթանելու նպատակով՝ ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողության, ինչպես նաև տնային տնտեսությունների կենսապայմանների բարելավման մեջ։ Քանի որ ֆինանսական ծառայությունների հասանելիությունը կարևոր է այս սեգմենտը զարգացնելու համար, EFSE-ն ուշադրությունը կենտրոնացնում է տեղական ֆինանսական հատվածի վրա, հզորացնում է վերջինիս՝ այս թիրախային խմբին պատասխանատու ֆինանսավորում տրամադրելու ունակությունը։ Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեության հետ մեկտեղ՝ EFSE-ն կրկնապատկում է իր  ազդեցությունը հիմնադրամի զարգացման կառույցի միջոցով, որը ձեռներեցներին ու հաստատություններին տրամադրում է տեխնիկական աջակցություն, ուսուցում և այլ՝ ոչ ֆինանսական աջակցություն։

EFSE-ն հիմնադրվել է KfW զարգացման բանկի կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ։ Հանդիսանալով առաջին հանրային-մասնավոր գործընկերության օրինակը՝ EFSE-ն իր կապիտալը ստանում է դոնոր գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավոր ներդրումային կառույցներից։ «Finance in Motion GmbH» գերմանական կազմակերպությունը հանդիսանում է EFSE-ի խորհրդատուն, իսկ «Hauck & Aufhäuser Fund Services S.A.» լյուքսեմբուրգյան կազմակերպությունը՝ հիմնադրամի կառավարիչն է։ Հարավարևելյալ Եվրոպայի եվրոպական հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.efse.lu կայքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: