հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի նիստը։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ քննարկվել է Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման նախագիծը։ Վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերակառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը լինելու է 2-րդ տեխնիկական կարգի՝ 80կմ/ժ հաշվարկային արագությամբ։  Ճանապարհահատվածը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը լինելու է 7.5կմ։ Ծանրաքաշ մեքենաները կունենան իրենց առանձին երթևեկելի գոտին, ինչն առավել դյուրին կդարձնի բեռնափոխադրումները։

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Առանձնահատուկ շեշտադրվել են նաև ամբողջ ճանապարհահատվածի և ինժեներական բոլոր կառույցների սեյսմակայուն շինարարական նորմերի պահանջներին համապատասխանության խնդիրները։

 

Վերջում քվեարկության միջոցով պետական համալիր փորձաքննական հանձնաժողովը Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագծին տվեց միաձայն դրական եզրակացություն, որի արդյունքում կարող է կազմակերպվել նշված ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացը։

  • Կիսվել: