ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հույս ունեմ, որ ՍԾՏՀ անդամ երկրները կցանկանան մաս կազմել Խաղաղության խաչմերուկին. Հակոբ Արշակյան

Հույս ունեմ, որ ՍԾՏՀ անդամ երկրները կցանկանան մաս կազմել Խաղաղության խաչմերուկին. Հակոբ Արշակյան

Հոկտեմբերի 19-ին Երևանում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առևտրային և ֆինանսական հարցերի հանձնաժողովի 61-րդ նիստը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նիստին մասնակցել են Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սերբիայի և Ուկրաինայի պատվիրակները: Քննարկումների առանցքում եղել է բնական աղետների կանխարգելման և անհապաղ օգնության ոլորտում ՍԾՏՀ տարածաշրջանում խորհրդարանական համագործակցության ամրապնդման թեման: Նիստը վարել է ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սերգեյ Բագրատյանը, որը նաև ՍԾՏՀ ԽՎ վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահն է:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ շեշտելով, որ Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ՝ կապելով արևելքը-արևմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական, հյուսիսը-հարավի հետ՝ Պարսից ծոցից մինչև Սև ծով:  «Հայաստանում այս նախագիծը մենք անվանում էինք Խաղաղության խաչմերուկ: Հույս ունեմ, որ անդամ երկրները կցանկանան մաս կազմել այս Խաղաղության խաչմերուկին և ներդրում ունենալ դրա կայացման ու զարգացման գործում: Ճանապարհների ապաշրջափակումը կարևոր է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մեր երկիրն արդեն 30 տարի շրջափակման մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններով»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը շահագրգռված է խորհրդարանական վեհաժողովի շրջանակում փոխգործակցության ամրապնդմամբ: Նա ցավով է նշել այն հանգամանքը, որ Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման, Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության անմարդկային պաշարումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի մասին: Դրա հետևանքով հարյուրավոր սպանվածներ և վիրավորներ կան, Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը՝ ավելի քան 100.000 մարդ,  բռնի տեղահանվել է և ապաստանել Հայաստանում:

«Ցավալի է, որ հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի և առանձին երկրների խորհրդարանների բանաձևերի, գործադիր մարմինների կոչերի՝ միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխելու հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների վրա: 2021 թվականին, այնուհետև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական ռազմական ագրեսիան Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների երկայնքով՝ ներխուժելով և գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքները, որոնց մի մասը շարունակում է մնալ Ադրբեջանի անօրինական վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն է՝ ուժի միջոցով Հայաստանին պարտադրել իր նախընտրած լուծումները»,- արձանագրել է ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով ավելի քան երեք տարի Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ քաղաքացիական անձանց: ԱԺ փոխխոսնակի համոզմամբ նման ագրեսիվ գործողությունները վտանգում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հեռանկարը. Հայաստանի դեմ ուժի և ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար:

Անդրադառնալով հանձնաժողովի նիստի թեմայի կարևորությանը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ տարերային աղետների վտանգի կանխարգելման և արտակարգ օգնության ցուցաբերման թեման արդիական է: Այդ մասին են վկայում այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչպես նաև անտառային հրդեհները, ջրհեղեղները, որոնց բախվեցին սևծովյան տարածաշրջանի որոշ երկրներ: Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը եւս անմասն չմնաց Թուրքիա փրկարարական ջոկատ և մարդասիրական բեռ ուղարկելու հարցում:

Ողջույնի խոսքում ՍԾՏՀ ԽՎ նախագահի տեղակալ, կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւս անդրադարձել է անվտանգային լուրջ մարտահրավերներին, որոնց  առջև կանգնած է մեր երկիրը: Հայկական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայի անդառնալի հետևանքների, էթնիկ զտումների քաղաքականության մասին: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել է և ապաստանել Հայաստանում ու հավելել՝ մեր հայրենակիցներին ապաստան տրամադրելու հարցում ՀՀ-ն բախվել է արտակարգ իրավիճակի: Այս իրավիճակը եւս Բաբկեն Թունյանը բնութագրել է որպես հումանիտար աղետ: Նրա գնահատմամբ կազմակերպության անդամ որևէ պետության ռազմատենչ հռետորաբանությունն ու ապակառուցողական մոտեցումը մյուսի նկատմամբ անվտանգության սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար՝ խաթարելով հարաբերությունները կարգավորելու յուրաքանչյուր փորձ: «Չնայած դժվարություններին և մարտահրավերներին՝ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին»,- ընդգծել է պատգամավորը:

Անդրադառնալով քննարկվող թեմային՝ Բաբկեն Թունյանը շեշտել է աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակների օգնության ոլորտում խորհրդարանական համագործակցության ամրապնդման կարևորությունը և արդյունավետ աջակցության ու ռիսկերի կառավարման իրավական դաշտի կատարելագործումը:

«Քանի որ մեր տարածաշրջանը հաճախ բախվում է տարատեսակ բնական և տեխնածին աղետների, հետևանքների կանխարգելումն ու չեզոքացումը հաճախ հնարավոր չէ միայն ազգային մակարդակով: Վստահ եմ, որ այս ոլորտում տարածաշրջանային մակարդակով համագործակցության խորացումը կարող է շատ արդյունավետ լինել»,- փաստել է ՀՀ ԱԺ ներկայացուցիչը:

Նիստի մասնակիցներին ողջունել են ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Միլտիադիս Մակրիյանիսը և ՍԾՏՀ ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար, ՍԾՏՀ ԽՎ փոխնախագահ Իվան Բեչիչը:

Քանի որ նիստում քվորում չի ապահովվել, կազմակերպվել են քննարկումներ, սակայն որոշումները կկայացվեն առաջիկայում տեղի ունենալիք գլխավոր վեհաժողովի ժամանակ: Քննարկվել են օրակարգային հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին:

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել «ՍԾՏՀ տարածաշրջանում խորհրդարանական համագործակցության ամրապնդումը բնական աղետների կանխարգելման և անհապաղ օգնության ոլորտում» զեկույցի նախագծի շուրջ: Անդրադարձ է եղել բնական ու տեխնածին աղետների պատճառով մարդկանց կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց կանխարգելման անհրաժեշտությանը և դրանց դեմ ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների համատեղ պայքարի կարևորությանը: Նշվել է, որ ՍԾՏՀ-ն պետք է կարողանա օրենսդրական հիմքեր ապահովել այս ոլորտում պայքարի կայուն ու համալիր մեխանիզմներ կիրառելու համար: Ներկայացվել են այս բնագավառում ազգային օրենսդրությունների առանձնահատկությունները, անդրադարձ է եղել պատերազմական իրավիճակներում աղետների դեմ պայքարի մեթոդների կարևորությանը:

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը կարևորել է արտակարգ իրավիճակներում ՍԾՏՀ պետությունների արձագանքումը, կարողությունների գնահատումն ու վերհանումը: Պատգամավորը մանրամասն ներկայացրել է այս բնագավառում մեր երկրում իրականացվող քայլերը ե՛ւ օրենսդրական մակարդակում, ե՛ւ Կառավարության գործունեության ծրագրի շրջանակում: Նրա գնահատմամբ Հայաստանը, պայմանավորված աշխարհագրական և բնակլիմայական պայմաններով, բազմաթիվ ռիսկերի է ենթարկվում, կան նաև խոշոր տեխնոլոգիական գործարաններ, որոնց անվտանգությունը եւս կարևոր է: ՀՀ ԱԺ պատգամավորն անդրադարձել է ոլորտի օրենսդրական կարգավորումներին, Կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրից բխող գործողություններին, կարևորել տեխնածին աղետների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերը:

«Մեզ համար կարևոր է ե՛ւ միջազգային, ե՛ւ տարածաշրջանային մակարդակում մասնակից լինել կանխարգելմանը և հետևանքների վերացմանը: Այս առումով վերջին օրինակը Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժն էր, որին Հայաստանն իր ուժերի առավելագույն չափով մասնակցեց՝  որպես հետևանքների վերացման աջակից երկիր: Բոլոր պետությունների նպատակը մեկն է՝ կանխարգելել ոչ միայն չափորոշիչների, այլ նաև՝ մարդկանց իրազեկվածության բարձրացման միջոցով»,- նշել է Գևորգ Պապոյանը:

Քննարկվել են օրակարգային այլ հարցեր, ներկայացվել են տեղեկություններ ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին: Հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Կիևում՝ լիագումար նիստին ընդառաջ:

  • Կիսվել: