հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Հունիսի 1-10-ը 50 բեռնատար արդեն հասել է ՌԴ մաքսային մարմիններին. Խոջոյանը՝ կոնյակագործների խնդրի մասին

Հունիսի 1-10-ը 50 բեռնատար արդեն հասել է ՌԴ մաքսային մարմիններին. Խոջոյանը՝ կոնյակագործների խնդրի մասին

Ապրիլից մինչև օրս ընդհանուր առմամբ լրացվել է մաքսային 557 արտահանման դեկլարացիա: 391 դեկլարացիա ավարտված է համարվում, ինչը նշանակում է, որ եթե արտահանվել է, օրինակ, ՌԴ, ապա ապրանքն արտահանվել է և հասել է ՌԴ մաքսային մարմնին: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ անդրադառնալով կոնյակ արտահանողների խնդրին, որոնց ապրանքը նմուշառման համար շաբաթներով պահվում է տարանցիկ երկրում՝ Վրաստանում:

Ըստ նախարարի տեղակալի՝ այն, որ 391 դեկլարացիա ավարտված է համարվում, նշանակում է, որ 557 արտահանման դեկլարացիայից 70 տոկոսի խնդիրն արդեն լուծված է:

«Հունիսի 1-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ 50 բեռնատար արդեն հասել է ՌԴ մաքսային մարմիններին»,- ասաց նա:

Արման Խոջոյանը նաև հիշեցրեց, որ ապրիլից, երբ խնդիրը ծագեց, ՀՀ պետական գերատեսչությունները մշտական կապի մեջ են եղել Վրաստանի համապատասխան գործընկերների հետ:

Հիշեցնենք, որ ալկոհոլային խմիչքները ՀՀ-ից արտահանող տնտեսվարողները բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ԵԱՏՄ արտահանվող ալկոհոլային խմիչքներն ինչու են նմուշառման համար շաբաթներով պահվում տարանցիկ երկրում՝ Վրաստանում, այն դեպքում, երբ այդ խմիչքները Վրաստանում չեն վաճառվելու:

  • Կիսվել: